Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչն ամուսնությունը պահպանելու և ամրացնելու վերաբերյալ
Երբ Աստված ստեղծեց կնոջը, Ադամը, տեսնելով նրան, մարգարեացավ և ասաց. «Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հորն ու մորը, պետք է կնոջը միանա, և երկուսը պետք է լինեն մեկ մարմին» (Ծննդ. 2.24):
Այս խոսքերը կրկնեց նաև Քրիստոս Նոր Կտակարանում (Մարկ. 10.7-8):
Ուրեմն, երկուսի միավորությունը, միաբանությունը, փոխհամաձայնությունն ամուսնության պահպանության և ամրության երաշխիքներից են:
Հորն ու մորը թողնելու աստվածաշնչյան խոսքը թող չտխրեցնի ծնողներին, որովհետև սա չի նշանակում սիրելի ծնողներից հրաժարում, այլ ծնողական ընտանիքի հովանուց դուրս գալու և նոր ընտանիք ստեղծելու իրողություն:
Հիշենք, որ Աստված տասը պատվիրանների մեջ հրահանգում է պատվել հորն ու մորը (Ելք 20.12), և Պողոս առաքյալն այս պատվիրանի մասին ասում է, որ սա Աստծո կողմից խոստումով տրված առաջին պատվիրանն է (Եփ. 6.2-3):
Պատվիրանն այսպես է.
«Պատվի՛ր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես»:
Ուրեմն, երկար ապրելու, երկրային երկար կյանք ունենալու գրավականներից մեկը ծնողներին պատվելն է:
Սուրբ Գրիգոր Տաթևացին նշում է, որ հորն ու մորը թողնելն ու կնոջ ետևից գնալը վերաբերում է հարսանիքին, երբ փեսան գնում է հարսի ետևից:
Պողոս առաքյալը եփեսացիներին ուղղված թղթի 5-րդ գլխում՝ «Ընտանեկան նոր հարաբերություններ» ենթավերնագրի ներքո, հորդորում է.
«Ինչպես Եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, նույնպես և կանայք թող հնազանդվեն իրենց մարդկանց ամեն ինչում:
Մարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կա- նանց, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին և Իր անձը մատնեց նրա համար» (24-25):
Առաքյալի այս ուսուցման մեջ արդեն իսկ Եկեղեցու և Քրիստոսի փոխհարաբերության համեմատությունից պարզ է դառնում, որ այստեղ ստրկական հնազանդության մասին չէ խոսքը, մանավանդ, որ տղամարդկանց խորհուրդ է տրվում անձնազոհության չափ սիրել կանանց:
Այստեղ հնազանդության ու անձնազոհության գաղափարները ներկայացված են հոգևոր իմաստով` միմյանց հետ միշտ ներդաշնակ լինելու, խաղաղություն պահպանելու, միմյանց խնամելու:
Այսօրվա ընտանիքներում թերևս հաճախ դժվար է լինում այս ներդաշնակությունն ու խաղաղությունը պահպանելը, որովհետև երիտասարդներն այլևս ձգտում են ծնողներից առանձին ապրելու, և այդ պարագայում, երբ կողմնակի հսկող աչք չի լինում նրանց հարաբերությունների, երբեմն դժգոհությունն արտահայտելու ձևերի վրա, կանայք չեն կարողանում լռել, ավելորդ խոսքեր են ասում, ամուսիններն ավելորդ զայրույթ են ցուցաբերում:
Եկեղեցի հաճախելը մարդուն հոգևոր խաղաղություն է բերում, մտքերին` հանգստություն և անդորրություն:
Ընտանեկան հարկի ներքո խաղաղության ու սիրո պահպանության համար է նաև կարևոր ընտանիքների հաճախելը եկեղեցի, որով ամուսինները պարբերաբար կհիշեն իրենց ուխտը եկեղեցում, միմյանց սիրելու և նվիրվելու տերունական ու առաքելական պատվիրանները: