Երիտասարդի աղոթք
Տէ՛ր Աստուած իմ, հզօր եւ գթած, Դու, որ անսահման սիրով ինձ ոչնչից ստեղծեցիր Քո անիմանալի պատկերով ու բարի պարգեւներով հոգում ես իմ բոլոր կարիքները,
ամբողջ սրտով շնորհակալութիւն եմ յայտնում Քեզ ամէն բանի համար, որ տուեցիր ինձ ծննդեանս օրուանից մինչեւ այսօր։
Բայց, որովհետեւ մարդկային հանցանքների բերումով տկար ու սխալ վիճակ ունեմ, աղաչում եմ Քեզ, տուր ինձ շնորհք, իմաստութիւն ու Քո զօրութիւնը,
որպէսզի կարողանամ միշտ Քո պատուիրանների փրկարար ճանապարհով կամքիդ համաձայն քայլել,
զերծ մնալ հոգու ու մարմնի բոլոր վտանգներից եւ փորձանքներից, մարդկային սխալներից, ցանկութիւններից ու քմահաճոյքներից։
Դրոշմի՛ր հոգուս մէջ Քո երկիւղը, որպէսզի Քե՛զ ունենալով մտքիս մէջ ապրեմ մաքրութեամբ ու արդարութեամբ։
Իմ կամքը զօրացրու, որպէսզի բարին գործեմ, ուղղի՛ր իմ խօսքերը, որպէսզի միշտ լաւն ու գեղեցիկը ընտրեմ։
Մի՛ մատնիր իմ տկար անձը այս աշխարհի փորձանքներին ու տագնապներին։
Սրտիս մէջ սերմանիր բոլոր առաքինութիւնների ծիլերը, որպէսզի ապրեմ արդարօրէն եւ մաքուր կեանքով։
Օրհնի՛ր, Տէր Աստուած, որ միշտ խոնարհ լինեմ, վարքով՝ հեզ եւ համեստ, ճշմարտախօս՝ խօսքով ու գործով, ուրիշին չվնասեմ,
այլ հաւատարիմ եւ աշխատասէր լինեմ պարտականութիւններիս կատարման մէջ։
Քո անհուն բարութեամբ օգտակար եղիր իմ հոգեւոր ու մարմնաւոր կարիքներին։
Թոյլ տուր, որ միշտ շնորհակալութիւն յայտնեմ Քեզ տուածդ պարգեւների համար եւ բաւարարուեմ իմ վիճակով ու պայմաններով։
Հեռո՛ւ պահիր ինձ ծուլութիւնից եւ պարապութիւնից։
Փրկի՛ր ինձ չար ընկերներից, բոլոր վտանգներից եւ փորձութիւններից։
Ընդունի՛ր իմ խնդրանքը հօրս եւ մօրս, եղբայրներիս ու քոյրերիս, ամբողջ ընտանիքիս եւ բարեկամներիս, ինչպէս նաեւ բոլոր մարդկանց համար,
յիշիր նրանց Քո սիրով եւ առատօրէն բաշխիր Քո բարի պարգեւները, թէ՛ այստեղ եւ թէ՛ յաւիտենական կեանքում,
որովհետեւ Քո՛նն են փառքը, պատիւն ու իշխանութիւնը յաւիտեանս յաւիտենից։
Ամէն։