Ասանժն ապաստան է խնդրում Էկվադորից
“WikiLeaks” կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը խախտել է գրավի դիմաց ազատվելու պայմանները, որի համար նրան կարող են ձերբակալել: Ըստ այդ պայմանների` նա պարտավոր է երեկոյան ժամը 10-ից մինչ առավոտյան 8-ն անցկացնել Լոնդոնի իր տան շրջակայքում, տեղեկացնում է “CNN”-ը: Սակայն հունիսի 19-ի երեկոյան ոստիկանությունը նրան չի գտել տանը:
Պարզվել է, որ գիշերն Ասանժն անց է կացրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ նա քաղաքական ապաստան է խնդրել: Ասանժը դեռեւս այնտեղ է գտնվում եւ հայտնի չէ` կարող են նրան ձերբակալել, թե` ոչ, քանի որ դիվանագիտական արձանագրության համաձայն իշխանությունները չեն կարող մտնել արտասահմանյան դեսպանատներ: Այժմ Էկվադորը քննարկում է Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը:
Ավստրալիայի քաղաքացի Ասանժին ձերբակալել են Լոնդոնում 2010-ին: Նրա ձերբակալման միջազգային օրդերը բրիտանական ոստիկանությանը տվել է Շվեդիան, որը պահանջում է նրա հանձնումը: Այնտեղ Ասանժին մեղադրում են բռնաբարությունների եւ սեռական ոտնձգությունների մեջ: Ձերբակալման նույն ամսում էլ նրան ազատ են արձակել 250 հազար ֆունտ գրավի դիմաց:
Ինքը` Ասանժը, համարում է, որ իր ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ 2010-ին իր կայքը հրապարակել էր ամերիկյան դիվանագետների եւ զինվորականների գաղտնի փաստաթղթեր: