«Սիրտս ցավում է այս ժողովրդի համար» (Մարկ․ 8։2)
Հացի երկրորդ բազմացման ավետարանական դրվագում Քրիստոս ասում է․ «Սիրտս ցավում է այս ժողովրդի համար» (Մարկ․ 8։2)։ Հենց այս խոսքերին է հետևում հացի բազմացման հրաշքը։ Մարդիկ քաղցած էին, և եթե Քրիստոս արձակեր նրանց, ճանապարհին ուժասպառ կլինեին։ Հենց այդ եղավ առիթը, որ Քրիստոս, բազմացնելով եղած հացն ու ձուկը, կերակրեց նրանց։
«Սիրտս ցավում է»՝ այսպես է Քրիստոս արձագանքում, երբ տեսնում է, որ անօգնական ենք՝ միայն Նրան ունենք որպես հույս։ Նա հացի բազմացման հրաշքը չգործեց՝ մարդկանց զարմացնելու համար, այլ՝ կերակրելու ու օգնելու․ չէ՞ որ այլ տարբերակ չկար։ Քրիստոս մեզ մոտենում է՝ ոչ թե ապացուցելու մեր հանդեպ իր զորությունն ու ուժը, ցուցադրելու իր կարողությունները և զարմացնելու մեզ, այլ օգնելու ու ձեռք մեկնելու։ Քրիստոս այդպես արեց, քանզի սիրտը ցավում էր։
Ասում են՝ հացը բազմացավ, քանի որ մարդիկ կիսեցին այն իրեց մերձավորների հետ։
Ավետարանիչն էլ փոխանցում է այս դրվագը հետևյալ կերպ․ «Հիսուսը հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնին։ Ապա վերցնելով յոթ նկանակները՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին, որ բաժանեն։ Նրանք էլ բաժանեցին ժողովրդին։ Քիչ թվով մանր ձկներ էլ ունեին։ Հիսուսը դրանք ևս օրհնեց և հրամայեց բաժանել» (Մարկ․ 8։6-7)։ Հացը բազմացրեց սրտացավությունից ծնված սերն ամենքի հանդեպ։ Մարդիկ էլ, տեսնելով Քրիստոսի օրինակը, իրենք էլ սրտացավ դարձան իրենց մերձավորի հանդեպ և կիսեցին իրենց ունեցածը նրանց հետ ևս։ Այդպես բոլորը կշտացան, սակայն ոչ թե հացով ու ձկով, որ բաժանվեց մարդկանց, այլ նախ և առաջ՝ սրտացավությամբ։
Քրիստոս մեզ սովորեցնում է լինել սրտացավ` Իր իսկ օրինակով։ Մեր` մերձավորների կարիքները նկատելն ու նրանց օգնելը գերբնական հատկանիշներ չեն, այլ պարզ ու մարդկային երևույթներ, որ դրված են մեր մեջ։ Հարկ է պարզապես նկատել դրանք ու ծառայեցնել մարդկությանը։
«Սիրտս ցավում է»՝ ասաց Քրիստոս։ Եվ եթե մեր սիրտն էլ այսօր ցավում է ինչ- որ մեկի համար, ուրեմն՝ ավելի մոտ ենք Նրան, ուրեմն՝ քրիստոնյա ենք։