Փնտրեք ու պիտի գտնեք
Նորադարձ քրիստոնյային, ըստ սուրբ հայրերի, Տերը տալիս է սիրո և ջերմության շնորհ, որոնք և զարդարում են նորադարձին խնդությամբ, երկյուղով, պահքի կամեցողությամբ, անձանձրույթ աղոթքով և Սուրբ Գիրքը սիրով սերտելու մղմամբ: Այս բոլորը ձրիաբար ստանալով՝ նորադարձը կարծես անարգել հաղթահարում է բոլոր խոչընդոտները և ելնում դեպի երկինք: Բայց փորձություններին չդիմակայելու արդյունքում շուտով տեղի է տալիս մեղքերին և զրկվում վերը նշված շնորհներից:
Նմանօրինակ վիճակի համար այսպիսի աղոթք է հղում առ Աստված սուրբ Եփրեմ Ասորին.
«Մեկնիր, Տեր, Քո ձեռքը նավաբեկյալիս, որ ընկղմված է չարիքների խորքերում, փրկիր ինձ իմ մեղքերի ալիքների սաստիկ ծովածուփ բռնությունից»: Եվ ինչ վիճակի մեջ կլինեն նրանք, երբ միանգամից զրկվեն, մերկանան այս բոլորից: Իհարկե, մեծ վիշտ ու ցավ կհամակի նրանց հոգուն, ըստ սուրբ Եփրեմի. «Նայիր, Տեր իմ անձի մերկությունը, որ կողոպտեց ինձ թշնամին: Եվ այժմ խայտառակ և ամոթալից եմ Քո առջև: Մարդասիրիր և հանդերձ հագցրու ինձ, մտցրու և ուրախացրու Քո ընտրյալների դասի մեջ»:
Ձգտելով կորցրած սերն ու ջերմությունը վերագտնել՝ քրիստոնյան ստանում է Տիրոջ աջակցությունը, ըստ Մակար Մեծի․ «Երբ Աստված տեսնում է մեզ՝ հոժարությամբ այս պատերազմի մեջ տքնելիս, առաքում է Իր սուրբ զորությունը, հաստատում մեր սրտերը, շնորհում ուրախարար արտասուք և խորհուրդների հանգստություն, զորացնում է մեզ թշնամուց առավել և թույլ չի տալիս չարի խորհուրդներին նեղել մեզ՝ երկյուղել տալով Իր շնորհած զորությամբ, ինչպես որ Պողոսն է ասում․ «Ճգնեցեք բազում աշխատությամբ և առեք Աստծո զորությունը»»։
Ալեկոծ և մթին ծովում նավը՝ որպես նպատակ և փրկություն, ամեն կերպ ջանում է իր տեսադաշտից չկորցնել փարոսը, որն իրեն խոստանում է խաղաղ նավահանգիստ։ Եվ եթե երբեմն ալեկոծության, կամ անփութության պատճառով տեսադաշտից կորչում է փարոսը, ապա անհոգ չպետք է լինել, այլ ամեն ջանք թափել՝ այն վերագտնելու համար, ինչպես Աստվածաշնչում է ասված․ «Փնտրեցեք Տիրոջն ու հզորացեք, փնտրեցեք Նրա երեսն ամեն ժամ» (Սաղմ․104:4), նաև՝ «Նայեք Հիսուսին՝ հավատի զորագլխին, այն կատարելագործողին» (եբր․12:2):
Հատված «Խրատանի ապաշխարության» գրքից