23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հատուցում

Քրիստոսի երկրորդ գալստից, մեռելների ընդհանրական հարությունից հետո տեղի կունենա ահեղ դատաստանը, որի Դատավորը Քրիստոս է: Այս դատաստանը տարբերվելու է երկրային դատերից իր բովանդակությամբ և նշանակությամբ: Վերջին դատաստանի ժամանակ ամենքս կանգնելու ենք արդար և անկաշառ Դատավորի առաջ և պատասխան ենք տալու մեր անցած կյանքի համար: Այլ խոսքով` մեր փոխարեն խոսելու են մեր գործերը: Այդ ժամանակ պատասխան ենք տալու ոչ միայն մեր մեղքերի, այլ նաև դատվելու ենք ասված խոսքերի համար. «Բայց ասում եմ ձեզ, թե մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև` քո խոսքերով պիտի արդարանաս, և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթ. 12. 36-37):

Դատաստանի արդյունքում արդարները կժառանգեն հավիտենական կյանքը, իսկ մեղավորները` կայրվեն դժոխքի կրակներում: Եթե մեղավորները սարսափում են Աստծո դատաստանից, ապա արդարներն անհամբեր սպասում են դրան, քանզի ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Այս ժամանակի չարչարանքները արժանի չեն համեմատվելու գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեզ» (Հռոմ. 8. 18): Արդարներին տրվելիք այդ փառքի լույսը Հիսուս համեմատում է արեգակի հետ. «Այն ժամանակ արդարներն արեգակի նման կփայլեն երկնքի արքայությունում» (Մատթ. 13. 43):

Աստծո դատաստանի մասին խոսվում է արդեն Հին Կտակարանում, սակայն ավելի մանրամասն` Նորում: Հիսուս նշում է, որ երկրորդ գալստյան ժամանակ գալու է փառքով և հրեշտակների ուղեկցությամբ` ամեն մեկին ըստ իր կատարած գործերի դատելու. «Երբ Մարդու Որդին գա Իր փառքով և բոլոր հրեշտակները` Իր հետ, այն ժամանակ Նա պիտի նստի Իր փառքի գահի վրա, ու Նրա առաջ պիտի հավաքվեն բոլոր ազգերը, և Նա նրանց միմյանցից պիտի զատի, ինչպես մի Հովիվ, որ զատում է ոչխարներն այծերից: Եվ ոչխարներն Իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը` ձախին» (Մատթ. 25. 31-33): Այդ ժամանակ Նա արդարներին ասելու է. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մատթ. 25. 34), իսկ մեղավորներին` «Անիծյալնե՛ր, գնացե՛ք Ինձնից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և իր հրեշտակների համար» (Մատթ. 25. 41):

 

Դատաստանի առաջ են կագնելու թե´ մեռածները և թե´ ողջերը. «Այս բանն եմ վկայել տալիս Աստծո և Հիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է կենդանիներին և մեռածներին` իր հայտնության օրը, երբ գա Իր արքայությամբ» (Բ Տիմ. 4. 1): Այդ ժամանակ վերջնականապես կդատապարտվի սատանան, արմատախիլ կլինի նաև չարը. «Եվ երկնքից` Աստծո մոտից կրակ պիտի իջնի ու պիտի լափի նրանց և նրանց զորագլխին` սատանային. Նա նրանց պիտի գցի կրակի և ծծմբի ծովի մեջ» (Հայտ. 20. 9-10):

Այս ամենից հետո նոր երկիր և նոր երկինք պիտի լինեն, այսինքն` ներկա աշխարհը պիտի վերափոխվի: Այս մասին Եսայի մարգարեն ասում է. «Ահա Ես նոր երկինք և նոր երկիր պիտի ստեղծեմ» (Ես. 65. 17), իսկ Պողոս առաքյալը հավելում է. «Աստծո խոստման համաձայն` աչքներս հառած սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում» (Բ Պետ. 3. 13):

Տ․ Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ