23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

300 զոհ տեսած ժամկետային զինվորը պատմում է՝ Շուշիի մարտերը ամենադաժանն էին. Ադրբեջանցիները հայերեն խոսելով ծուղակի մեջ են գցել զինվորներին. «Փաստինֆո»

Նարեկ Թումանյանը զորակոչվելուց 2.5 ամիս անց արդեն Հադրութում էր. Թշնամին անցել էր հարձակման ու 18-20 տարեկան տղաները պաշտպանում էին առաջնագիծը։ Չնայած սպասում էին, որ դեմ դիմաց կկռվեն թշնամու դեմ, բայց հետո հասկացան, որ անպաշտպան են՝ թշնամին երկնքից է հարձակվում։

30 օր Հադրութում կռիվ տալուց հետո նահանջի հրաման ստացան։ Քայլեցին մինչև Մարտունու շրջան, ապա տեղափոխվեցին Ասկերան։ Նոյեմբերի 5-ին հրաման են ստացել տեղափոխվել Շուշի։ Բերդաքաղաքն էլ ապահովություն չխոստացավ զինվորներին։

«Մենք չգիտեինք, որ այդպես լարված է վիճակը։ Ընդհանրապես մեզ մինչև պատերազմը բացատրում էին, որ Շուշին ամենաապահով մասն է ամբողջ Արցախում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է զինծառայողը։

Մեքենաները չէին էլ հասցնում մտնել Շուշի, ճանապարհին կանգնեցնում էին ու ոտքով բարձրանում։ Երկու ժամ մարտեր վարելուց հետո հրաման են ստանում, որ մի փոքր նահանջեն։ Երկու օր անց, Նարեկը հրամանատարի հետ հայտնվել է շրջափակման մեջ։ Հրամանատարը զոհվում է մարտի դաշտում, երբ հայերենին վարժ տիրապետող թշնամին մոլորեցրել է հայ զինվորների խմբին։

«Ասում էին օգնություն է եկել, վիրավոր ունեք, եկեք օգնեք։ Մեզ շփոթեցնելով դեպի իրենց են կանչում, մեր վաշտի հրամանատարն էլ հավատում է, որ հայեր են ու առաջանում։ 10 մետրի վրա իրենք կրակեցին, նռնակներ նետեցին, առջեւից գնացող զինվորները ու սպաները զոհվեցին»,- պատմում է Նարեկը։

Թշնամին՝ մոտակայքում էր, օղակն աստիճանաբար փոքրանում էր, զինվորներն անընդհատ պակասում էին։ Իրավիճակն անկայուն էր դարձել։ Գրեթե անելանելի վիճակում էին հայտնվել։ Նարեկի պատմելով, անգամ ադրբեջանցիների հետ հանդիպումը թվում էր՝ վերջին կանգառն է , բայց նույնիսկ այդ ժամանակ կարողացան խուսափել սպառնացող վտանգից։ Հրամանատարի զոհվելուց հետո ժայռերի տակ են թաքնվել, որ խուսափեն հարվածներից։ Միակ ելքը անտառ մտնելն էր, որը ևս թիրախավորել էր թշնամին։

«Հասկանում ենք, որ ուրիշ տարբերակ չունենք։ Եթե մեկ տոկոս շանս կա, որ կարող ենք փրկվել, դա անտառն է։ Ճանապարհին եթե մնանք, հաստատ չենք փրկվելու։ Խոսք էր տպավորվել, որ զինվորներից մեկը ասաց՝ հիմա եթե մտնենք անտառ, ու զոհվենք, մոռացեք մեր դիերը գտնելու մասին, ավելի լավ է մնանք ճանապարհին զոհվենք՝ բաց տարածքում, որ մեզ գտնեն, եթե մի բան լինի։ Մեր դասակի հրամանատարը մտնում է անտառ մեզանից առաջ, բայց մենք իրեն կորցնում ենք ու մեզ առաջնորդում են մեր սերժանտները»,- ասաց Նարեկը։

Անտառ մտնելու առաջին փորձի ժամանակ շատ են լինում զոհերը։ Դաժան դրվագների մասին Նարեկը լռում է։ 20 հոգու է հաջողվում անտառ մտնել։ Ստեփանակերտը պատերազմի վերջին կանգառն էր։ Հիմա, երբ հետադարձ հայացք է նետում, հասկանում է, որ սա առաջին հերթին գոյության պայքար էր։ Նարեկի հիշողության մեջ ընդգծվել են Շուշիի մարտերը, որոնք ըստ իրեն՝ ամենադաժանն էին։

«Մենք իջնում ենք այնքան, որ հանդիպում ենք մի խումբ ադրբեջանցիների, մեզանից քիչ են լինում։ Փորձում են էլի միամտացնել ու էլի հայերեն են խոսում։ Հասկանում ենք, որ իրենք ադրբեջանցի են ու հարձակվում ենք։ Իրենք հասկացնում են, որ ճանապարհ կտան մեզ, որ դուրս գանք Ստեփանակերտ։ Մեր տղաներից մեկը նկատում է, որ նռնակը տալիս են վիրավորի ձեռքը, որ իրենց գնալուց հետո իրեն պայթեցնի, մեզ էլ հետը ու կրակոցով վերացնում վիրավորին։ Նորից մարտի մեջ ենք մտնում ու վիրավորներ տալիս»։
Անտառով հաջողվում է անցնել ու գետի հունով հասնել Ստեփանակերտ ուր իրենց դիմավորում են ՄՈԲ-ի տղաները։

 

Նարեկը հիմա, շարունակում է ծառայությունը Արցախում։ Մեկ տարի է մնացել, որ ավարտի ծառայությունը։ Պատերազմի ելքն արդար չի համարում, ասում է՝ եթե հողերը տալու էին թշնամուն, չպետք է այսքան զոհեր ունենային։ Նարեկը 300-ից ավելի զոհ է տեսել։

Ծառայակիցների համար կյանք է երազում, որոնք ապրելու և արարելու իրավունք ունեին։ Ավաղ, այսօր արդեն կորուստն անդառնալի է, իսկ բազում հարցեր դեռևս պատասխաններ չունեն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ