Մարդիկ, որոնք պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում․ Վերաքննիչ դատարանի դատավոր․ Իրավունք
Ինչպե՞ս է գնահատում օրերս ԱԺ-ի կողմից ընդունված ԲԴԽ լիազորություններն ընդլայնող օրենքի նախագիծը ՀՀ-ում ամենահեղինակավոր դատավորներից մեկը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Թերթի հետ զրույցում պարոն Ազարյանը մեկնաբանեց.
«Ամբողջովին կիսում եմ ԲԴԽ նախագահի տեսակետը: Անկեղծ ավելացնելու ոչինչ չունեմ, անհեթեթություն է: Այս տեսակետը կիսում են նաեւ հանրապետության դատավորների զգալի մասը: Մասնավոր զրույցների ժամանակ բոլորը միանշանակ պնդում են, որ կա խնդիր: Թե ինչպես դատավորները դրան կարձագանքեն, ես չեմ կարող ասել, բայց այնպես չէ, որ ԲԴԽ նախագահն իր հարցազրույցում միայն անձնական սուբյեկտիվ կարծիքը հայտնեց: Նրա մտահոգությունը բոլոր այն դատավորների մտահոգությունն է, ովքեր քիչ թե շատ մտահոգված են դատական իշխանության ապագայով ու անկախությամբ:
Պարոն Ազարյան, բայց չէ՞ որ նախագծի հեղինակները իրավաբաններ էին, ու ենթադրվում է, որ հասկացել են, թե ինչ վտանգավոր տարրեր է իր մեջ պարունակում իրենց ներկայացրած նախագիծը: Ինչո՞ւ գնացին դրան:
Գիտեք, անհիմն մեղադրանք դարձյալ իրավաբաններն են, չէ՞, առաջադրում, մեղադրական եզրակացություններ այն գործերով, որոնցով ամբաստանյալները հետագայում արդարացվում են, դարձյալ իրավաբաններն են հաստատում: Այնպես որ, իրավաբան էլ կա, իրավաբան էլ: Իրավաբաններ կան, ովքեր պատվերներ են կատարում՝ կլինի քաղաքական, ընկերական, թե այլ: Բայց կան իրավաբաններ, որոնք միայն օրենքի շրջանակում են գործում:
Պարո՛ն Ազարյան, այս նախագծով, ըստ էության, ստացվում է, որ դատավորը արդարադատություն իրականացնելիս նաեւ պետք է մտածի կողմերին «չնեղացնելու» մասին:
Տեսեք, դատարան մուտք են արվում գործեր, որոնց հիմքում կա վեճ: Վեճը կամ այս կողմի օգտին պետք է լուծվի, կա՛մ մյուս: Համաձայն եք, չէ՞ նաեւ, որ գրեթե իննսուն եւ ավել տոկոս վեճերի դեպքում կողմերից մեկը դժգոհ է մնում: Նույնը քրեական գործերով, գործը մուտք է լինում դատարան, որի արդյունքում կա՛մ մեղադրանքի կողմն է հաղթում, կա՛մ պաշտպանության: Կողմերից մեկը, ըստ-էության, հիմնականում դժգոհ է մնում: Պատկերացրեք, որ նման ցանկացած դժգոհության դեպքում միանգամից բողոք է ներկայացվում ԲԴԽ այդ դատավորի վրա: Ու ես Ձեզ ասեմ, որ իմ ընկեր պաշտպաններն արդեն իսկ կարծիք են հայտնում, որ այդ օրենքի միջոցով ձեռք են առնելու այդ օրենքը ընդունողներին: Պատկերացրեք՝ օրական մի դատավորի վրա հինգ-վեց բողոք գնա: Ես կրկնում եմ՝ իմ ընկեր, ծանոթ շատ պաշտպաններ արդեն իսկ ասել են, որ միտումնավոր բողոքներ են ներկայացնելու՝ ցույց տալու, թե ինչ հիմար օրենքներ են ընդունել: Ստացվում է, որ ԲԴԽ-ն էլ անելիք չունի, պետք է նստի ու անհեթեթ բողոքներով զբաղվի:
Այստեղ տեղին է մեջբերել Բուլգակովի հայտնի արտահայտությունը. «Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»: Այս մարդիկ չեն հասկանում, որ մեղադրյալին կալանավորելու համար պետք են պայմաններ եւ հիմքեր: Դա օրենքով է նախատեսված: Պայմանը հիմնավոր կասկածն է, ապացույց կամ ապացույցներ առ այն, որ մեղադրյալը կատարել է իրեն վերագրվող արարքը: Անհրաժեշտ են նաեւ հիմքեր, որ անձը կխուսափի, կթաքնվի քննությունից, դատավարության մասնակիցների՝ տուժողների, վկաների վրա անօրինական ազդեցություն կգործադրի ու կկատարի օրենքով չնախատեսված այլ արարքներ։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։