Պետք է ինքնորոշման հարցը հանենք բանակցություններից՝ ճանաչելով Արցախի անկախությունը․ նախկին վարչապետ
Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտեց մարդասիրական հրադադարը: Թշնամին բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ, ինչի հետեւանքով երկուստեք կան զոհեր եւ վիրավորներ: Արդեն 20 եւ ավելի օր շարունակվող արցախյան մերօրյա պատերազմի մասին «Իրավունքը» զրուցեց Արցախի Հանրապետության նախկին վարչապետ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:
ՔԱՐՏ-ԲԼԱՆՇԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԻՆՔՆ Է ԻՐԵՆ ՏՎԵԼ
– Պարոն Դանիելյան, ըստ էության, Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռքբերված պայմանավորվածությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:Ի վերջո, ո՞վ է Թուրքիային տվել այդ քարտ-բլանշը, որ Ադրբեջանի միջոցով նման վարքագիծ է դրսեւորում:
– Չէի ասի, որ ինչ-որ մի պետություն քարտ-բլանշ է տվել Թուրքիային: Քարտ-բլանշը Թուրքիան ինքն է իրեն տվել: Եթե հաշվի առնենք ընդհանրապես աշխարհում տիրող այս վերջին 10-15 տարիների ընթացքում աշխարհաքաղաքական իրադրությունը, կտեսնենք, որ միջազգային իրավունքը շատ տեղերում չի գործում: Եվ այն կենտրոններում, որտեղ չի գործել միջազգային իրավունքը, բոլորից շատ հայտնվել է Թուրքիան: Օրինակ, Սիրիայում, որտեղ Թուրքիան մտցրել է իր զորքերը՝ առանց ՄԱԿ-ի որոշման եւ Սիրիայի կառավաության հրավերի: Այսինքն՝ խախտելով միջազգային իրավունքը: Թուրքիան մտել է նաեւ Իրաք, Լիբիա: Բացի այդ, Թուրքիան Միջերկրական ծովում սկսեց Հունաստանի հետ տարաձայնություններ, էլ չասեմ, որ 1974 թվականից Թուրքիան իր զորքերը մտցրել է Կիպրոս, որը Եվրամիության անդամ է: Փաստացի այսօր տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դարձել է տարածաշրջանում ապակայունացող գործոն: Ըստ էության, Անկարան շարունակում է իր նեոօսմանյան քաղաքականությունը, որի մասին էրդողանը հայտարարեց իր ինագուրացիայի ելույթի ժամանակ: Խոսքը նրա մասին է, որ Թուրքիան փորձում է իր ազդեցությունը տարածել Ադրբեջանի եւ Միջին Ասիայի թուրքալեզու պետությունների, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ Չինաստանի թուրքալեզու շրջանների վրա: Իսկ այդ ծրագրերն իրականություն դարձնելու համար Հայաստանի տարածքը բաժանում է Թուրքիան՝ Ադրբեջանից եւ մնացած թուրքալեզու պետություններից: Դրա մասին բազմիցս արտահայտվել է ինչպես Ալիեւը, այնպես էլ՝ Էրդողանը: Մասնավորապես, Նախիջեւանում, ապա նաեւ Բաքվում տեղի ունեցած թուրքալեզու պետությունների համաժողովում:
– Այսքանից հետո չե՞ք կարծում, որ ժամանակն է, որպեսզի ՀԱՊԿ-ը խառնվի այս գործին: Հատկապես, երբ տեսանք, թե ինչպես են Կապանի հարավում հարվածներ հասցվել, դրանից առաջ էլ Վարդենիսի ուղղությամբ, որի հետեւանքով անչափահաս վիրավորվեց:
– ՀԱՊԿ-ի չինովնիկներն ասում են, որպեսզի իրենք խառնվեն այս պատերազմին, իրենք օգնությունը ցուցաբերեն, մեր իշխանությունը պետք է դիմի իրենց, որը չի արվել: Իհարկե, իմ կարծիքով, մենք ՀԱՊԿ մտել ենք ոչ թե հույսներս դնելով կազմակերպության անդամ բոլոր երկրների, այլ՝ Ռուսաստանի վրա: Մենք այդ կառույցում ենք ավելի շատ Ռուսաստանի խնդրանքը չմերժելու համար, որովհետեւ յուրաքանչյուրս հասկանում է, որ Ադրբեջանի հետ կռվի ընթացքում դժվար թե Ղրղզստանը կամ Ղազախստանը Ադրբեջանի դեմ զորքեր ուղարկեն: Կամ նույն Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, որն ասում է, թե Ալիեւը իր մոտ ընկերն է: Այնպես որ, ես միշտ կարեւորել եմ ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ՝ Ռուսաստանի դերը: Միաժամանակ, ըստ իս, նախորդ պատերազմների ընթացքում եւս Ռուսաստանի դերն ավելի ցայտուն է եղել, քան հիմա:
– Ըստ Ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված:
– Ես խոստացել եմ, որ երբ պատերազմը կավարտվի, կխոսեմ այդ մասին: Բայց այստեղ կարեւոր է նաեւ մեդալի մյուս կողմը, որտեղ հենց Ռուսաստանի շահերն էլ կան: ՌԴ-ն, ուզի թե չուզի, իր շահերը պետք է պաշտպանի: Պարզապես, վատն այն է, որ դեռ մեդալի մի կողմն է գործում, երբ երկու կողմը գործի, մեր շահերն էլ հնարավոր կլինի պաշտպանել: Այսինքն՝ պատերազմն այսքան երկար չէր տեւի: Հիշո՞ւմ եք 2016 թվականը. երեք օր հետո կանչեցին իրենց մոտ եւ չորրորդ օրն արդեն հարցերը լուծեցին: Իսկ հիմա տեսեք, թե ինչ է կատարվում. մեր ռազմական ներկայացուցիչները գնացել են Մոսկվա, Ալիեւը հրաժարվել է ուղարկել իր ռազմական ներկայացուցիչներին: Մի շատ կարեւոր հարցի եմ ուզում անդրադառնալ. գրեթե բոլոր իշխանությունները, երբ խոսում էին ԼՂ հարցի շուրջ բանակցությունների մասին, ասում էին, որ Ղարաբաղի համար անվտանգության հարցը շատ կարեւոր է: Եվ այդ բանակցությունների տողատակերում զգացվում էր, թե ինչ նկատի ունեն. այն, որ մեզ պետք է երաշխիք տան, որ Ադրբեջանը չի հարձակվելու մեզ վրա, իսկ դրանից հետո կարող ենք քննարկել փոխզիջումների, այսինքն՝ տարածքների հարցը: Ես միշտ այդ մոտեցմանը դեմ եմ եղել եւ բազմիցս ասել եմ այդ մասին: Հիմա կյանքը ցույց տվեց, որ դրանք դատարկ խոսակցություններ են, ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը չի հարձակվի մեզ վրա: Այսօր ամբողջ աշխարհն ասում է՝ պետք է դադարեցնել պատերազմը, բայց Ադրբեջանը չի դադարեցնում: Սա խոսում է այն մասին, որ Արցախի եւ Հայաստանի անվտանգություն ասելով՝ պետք է նկատի ունենանք ոչ թե այն, որ ինչ-որ մեկը մեզ պետք է երաշխիք տա, այլ պետք է ինքներս այդ անվտանգության երաշխավորը լինենք՝ մեր ռազմական դիրքով, հզորությամբ, տնտեսությամբ եւ այնպիսի դաշնակից ունենալով, որի երաշխիքն ավելի հաստատուն կլինի: Իսկ մեր ռազմավարական գործընկերոջ երաշխիքը կլինի հաստատուն, երբ մեր վերաբերմունքն այդ գործընկերոջ նկատմամբ եւս կլինի ադեկվատ:
ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՆՎԵՐՋ ՉԻ ԿԱՐՈՂ ՏԵՎԵԼ
– Այսօր ունենք այն, ինչ ունենք: Հետեւաբար, ի՞նչ պետք է ակնկալել հիմա մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից, կամ ի՞նչ զենքեր դեռ ունենք դիվանագիտական զինանոցում:
– Իմ կարծիքով՝ այս պատերազմն անվերջ չի կարող տեւել: Իհարկե, լավ հարաբերությունների դեպքում Ռուսաստանը ավելի գործուն միջամտություն կցուցաբերեր, եւ այդ ժամանակ ավելի քիչ կորուստներ կտայինք: Ինձ համար ամենացավալին մեր երիտասարդների կորուստներն են, եւ դրա համար առաջին հարցը պատերազմը կանգնեցնելն է: Բոլոր կոչերը ոչ մի արդյունք չունեն, մենք մեր ձեռքի տակ եղածը պետք է օգտագործենք: Ես լինեի՝ վերջնագիր կներկայացնեի եւ կհայտարարեի, որ եթե այսօր ժամը՝ 00:00-ից հետո ռմբակոծվի Արցախի խաղաղ բնակչությունը, քաղաքները, գյուղերը եւ այլն, ժամը 00:01 րոպեին մենք հայտարարում ենք Արցախի անկախության ճանաչման մասին: Սա զենք է, որ կարող ենք օգտագործել: Հիմա փորձագետներ են դուրս եկել, որ թութակի նման նույն բանն են կրկնում, թե սա պետք է պահենք չգիտեմ ինչի համար:
– Փորձագիտական շրջանակները պնդում են, որ եթե ճանաչենք Արցախի անկախությունը, ապա պատերազմ կսկսվի Հայաստանի դեմ…
– Երբեք կողմնակից չեմ եղել, որ երբ Արցախի ճանաչման հարցը բարձրացնում ենք, նշանակում է՝ պատերազմ: Չգիտեմ՝ ո՞վ հնարեց սա: Մի ամբողջ 15-20 տարի դրա մասին են խոսում ե՛ւ իշխանությունները, ե՛ւ փորձագետները, որ եթե Արցախի անկախությունը ճանաչում ենք, ուրեմն՝ պատերազմ է: Եվ դա բերում է նրան, որ ինքներս մեզ հակասում ենք: Մենք ասում ենք, որ Արցախի ինքնորոշման հարցը քննարկման խնդիր չէ, այսինքն՝ արդեն այն որոշել ենք: Եվ փոխանակ այդ մասին ասենք, ընկել ենք ամբողջ աշխարհով մեկ ասում ենք՝ ճանաչեք Արցախը: Նրանք էլ մեզ ասում են՝ դուք չեք ճանաչել, մենք ինչպե՞ս ճանաչենք Արցախի անկախությունը: Բանակցությունները 30 տարի առաջ չեն գնում միայն նրա համար, որովհետեւ բանակցությունների սեղանին կա Արցախի ինքնորոշման հարցն այն ձեւով, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշումը: Ես տասնյակ անգամ դրա մասին ասել եմ եւ հիմա էլ ասում եմ՝ ինչ էլ լինի, եթե մենք հասնենք մինեւ Քուռ, չի կարող Ադրբեջանում լինել մի իշխանություն, որը կճանաչի Արցախի անկախությունը: Արցախի անկախությունը բանակցությունների սեղանին տանում է փակուղի: Սա նշանակում է, որ Ալիեւը եւ Ադրբեջանի որեւէ իշխանություն չեն համաձայնվելու երբեք այդ թեզին, մենք էլ միշտ ասում ենք, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա փակուղային վիճակ է ստեղծում բանակցություններում: Որպես օրինակ, տեսեք, Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ճանաչվել են ՌԴ-ի կողմից, բայց Վրաստանը չի ճանաչել այդ պետությունները եւ երբեք չի ճանաչի: Չնայած դրան, այդ պետությունների անվտանգային հարցերը կարելի է համարել լուծված: Բերենք նաեւ Կոսովոյի օրինակը, որը ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից, բայց չի ճանաչվել Սերբիայի կողմից եւ չի էլ ճանաչվելու: Դա չի խանգարում, սակայն, Կոսովոյին՝ ինտեգրվելու եվրոպական կառույցներին: Եվ որ ամենագլխավորն է, լուծվել է Կոսովոյի անվտանգության հարցը: Մենք պետք է Արցախի ինքնորոշման հարցը բանակցությունների սեղանից հանենք՝ ճանաչելով Արցախի անկախությունը:
– Ի՞նչ կունենանք այդ դեպքում:
– Երբ ճանաչում ենք Արցախի անկախությունը, իրավիճակը փոխվում է: Եթե նույնիսկ համաձայնենք այն պնդումների հետ, որ եթե ճանաչենք, պատերազմ կսկսվի, հիմա արդեն պատերազմը գնում է: Այսինքն, պատերազմ սկսվելու հարցը արդեն դուրս է մղվել: Եթե ճանաչում ենք Արցախի անկախությունը, բանակցությունների սեղանին տասնյակ հարցեր են մնում՝ տարածքներ, սահմաններ, փախստականներ եւ այլն: Դրանք շատ լրջագույն եւ տարողունակ հարցեր են, որոնց շուրջ պետք է նստենք եւ բանակցենք: Երբ դուրս գա Արցախի ճանաչման հարցը բանակցային սեղանից, շատ հեշտ կլինի նաեւ միջնորդներին ասել, որ առաջինը դուք պետք է ճանաչեք, որպեսզի կարողանանք բանակցել մյուս հարցերով: Նրանք հիմա չեն կարող այդպիսի քայլ անեն, որովհետեւ միջնորդ են, բայց նրանք աշխարհի հզոր պետություններ են, երբ իրավիճակը փոխվի, նրանք դրան կգնան, որովհետեւ մինչեւ այսօր ընդունում են, որ Արցախի հարցի լուծման հիմնական երեք սկզբունք կա՝ ինքնորոշման հարց, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման: Այսինքն՝ իրենք էլ են ընդունում: Եթե իրենք ընդունում են, մեր ճանաչելուց հետո ասում ենք` դուք ընդունել եք այդ սկզբունքները, դե հիմա դուք էլ ճանաչեք, եւ գնանք մնացած հարցերի լուծմանը:
ՊԵՏՔ Է ՄԵՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԵՎՍ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ԱՍՏԻՃԱՆ ԲԱՐՁՐԱՑՆԵՆՔ
– Իսկ ո՞րը պետք է լինի Արցախի անկախության ճանաչման հաջորդ քայլը:
– Եթե չեն դադարեցնում պատերազմը, եւ ժամը 00:01-ին մենք հայտարարում ենք Արցախի անկախության ճանաչման մասին, պետք է անմիջապես դրանից հետո Արցախը որոշում ընդունի Հայաստանին միանալու մասին: Սա հարցի լուծման ձեւ է, որից հետո ավելի առաջ պետք է գնալ: Մենք պետք է մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ եւս մեկ-երկու աստիճան բարձրացնենք: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց դա կբերի նրան, որ տարածաշրջանում Ռուսաստանը կլինի ոչ թե միջնորդ, այլ մեզ հետ միասին կլինի գործոն: Մինչեւ հիմա 20 օր է պատերազմ է ընթանում, բայց Ռուսաստանը միջնորդի դեր է կատարում: Սա, իհարկե, երկար չի շարունակվելու, հիմա անպայման իր շահերից բխող քայլեր Ռուսաստանը կանի, բայց, ցավոք, մենք այս 21 օրերի ընթացքում ահավոր կորուստներ ունեցանք: Տարաբնույթ շահարկումներից խուսափելու համար ասեմ, որ խոսքը չի գնում Հայաստանի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու մասին:
– Ի՞նչ կցանկանաք այս պահին ասել մեր զինվորներին ու սպաներին, որոնք հենց հիմա էլ իրենց կյանքն են զոհում հանուն կյանքի:
– Ես սովոր չեմ ամպագոռգոռ խոսքեր ասել, բայց հայրենիքի պաշտպանությունը ամենասուրբ զգացմունքներից մեկն է: Այն վերաբերում է մեզ բոլորիս: Մենք քիչ ենք խոսում պատերազմի, առաջնագծի մասին, բայց պետք է ասել, որ այսօր պետությունում պետք է լինի մի իրավիճակ, երբ ամեն մեկս մեզ պետք է զգանք առաջնագծում: Սա նշանակում է, որ ամեն մեկս եղածին չափով պետք է աշխատենք առաջնագծին օգնելու համար, ովքեր կարողանում են թիկունքը պահել, նրանք պետք է թիկունքը պահեն: Մեծ ոգեւորություն կա ազգի մեջ ե՛ւ ՀՀ-ի ներսում, ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ Արցախում: Այդ ոգեւորությունը պետք է ամրապնդել իշխանությունների, բանակի եւ ամբողջ ժողովրդի ճշգրիտ եւ ժամանակին որոշումներով եւ գործողություններով: Ազգի ներուժը պետք է դրված լինի պատերազմի ռելսերի վրա, եւ այստեղ մենք անելիք ունենք: