Գերխնդիրը․ Հրապարակ
Մարդիկ ինքնակազմակերպվում են՝ ով ինչով կարող է, օգնում է ճակատին։ Տպավորություն է, որ ֆիդայական կռիվների ժամանակներն են հետ եկել։ Անգամ զենք կրելու անընդունակ մարդիկ հավաքվում, մեկնում են ռազմի դաշտ։ Բայց սա 19-րդ դարը չէ, ոչ էլ 20-րդը՝ հայրենական պատերազմների ժամանակներն անցել են, որովհետեւ միայն 1914 կամ 1941 թվականին էր հնարավոր եղանով ու բահով, առավելագույնը՝ կալաշնիկով հրացանով կռվել ու սեփական կյանքը զոհելով՝ հաղթել թշնամուն։ Հիմա մտքի, խելքի, տեխնիկայի ու ժամանակակից զենքի պատերազմներ են ընթանում, նաեւ՝ տեղեկատվական պատերազմներ։
Նման պատերազմներում հաղթում է նա, ով ավելի հնարամիտ է, ավելի ուժեղ, ավելի ազատ ու ավելի կազմակերպված։ Երբ դու ողջ ռեսուրսդ ուղղում ես «ներքին թշնամու» դեմ, անխուսափելիորեն պարտվում ես արտաքին պատերազմում։ Թշնամիներ ու դավաճաններ փնտրելով, սեփական լրատվամիջոցների դեմ «պայքարելով» դու անխուսափելիորեն կորցնում ես գերխնդիրն ու մոռանում հիմնական թշնամուդ։ Եվ հանկարծ պարզվում է, որ այն ոչ թե ռազմաճակատի գծից այն կողմում է, այլ, ասենք, «Արմնյուզ» հեռուստաընկերությունում եւ անունն է՝ «Հայելու առաջ» հաղորդաշար, որի հեռարձակումը մեկ ամսով դադարեցնելու որոշում ես կայացնում։
Կամ՝ պարզվում է, որ «խուճապ չտարածելու» միտումից դրդված այնքան ես սահմանափակել տեղեկատվության փոխանցումը, որ այն ոչ միայն ներքին սպառողին չի հասնում, եւ նա հաղթական տրամադրության մեջ է, այլեւ միջազգային հանրությանը։ Իսկ հակառակորդը գործի է դրել ծանր հրետանին եւ, չվախենալով խուճապի տարածումից, միջազգային մամուլը հեղեղել է իր կորուստների մասին հոդվածներով։ Դու հրաժարվում ես երկրիդ նախկին պաշտոնյաների ծառայություններից, իսկ հակառակորդդ անգամ հեռվում է դաշնակիցներ գտնում։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։