ՀՀ ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը նոր հեռանկարներ է բացում նաև օտարերկրյա ներդրողների համար. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասն այսօր Երևանի “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում մասնակցել են հայ-հունական գործարար համաժողովին, որտեղ հանդես են եկել ողջույնի խոսքով:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը հայ-հունական գործարար համաժողովին.
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ գործարարներ,
Տիկնա՛ յք և պարոնա՛ յք,
Ուրախ եմ ողջունել ձեզ հայ-հունական գործարար համաժողովի շրջանակներում: Նախագահ Պապուլիասի հետ մենք այսօր շատ ենք խոսել տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման մասին և այն մասին, թե ինչպիսի հնարավորություններ կան: Մեր խորին համոզմունքն է, որ մեր տնտեսական հարաբերությունները շատ են զիջում մեր քաղաքական և բարեկամական հարաբերություններին, և մեր խնդիրն է տնտեսական հարաբերությունները բերել-հասցնել մեր քաղաքական հարաբերություններին:
Տնտեսական երկարաժամկետ համագործակցության կարևորագույն գրավականներից մեկը վստահության մթնոլորտի ձևավորումն է, ինչը մեր երկրների և ժողովուրդների պարագայում հնագույն արմատներ ունի: Հայերի ու հույների բարեկամական և գործարար առնչություններն ունեն բազմադարյա պատմություն: Դարեր շարունակ ապրելով կողք կողքի՝ մենք ձեռք ենք բերել բազմաթիվ ընդհանրություններ, որոնք ակնհայտ են մեր ավանդույթներում, առօրյայում, մեր մտածելակերպում, ինչը մեծապես նպաստում է մեր գործարար շրջանակների միջև համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը:
Այսօրվա գործարար համաժողովը շատ կարևոր է ինչպես մեր երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, այնպես էլ մեր գործարարների համար նոր հնարավորություններ և նոր շուկաներ բացահայտելու տեսանկյունից:
Հարգելի՛ ներկաներ,
Հայաստանը հռչակել է և հետևողականորեն իրականացնում է «բաց դռների» ներդրումային քաղաքականություն: Շարունակվում են օրենսդրական փոփոխությունները, որոնք միտված են ներդրումային և գործարար միջավայրի հավասար, կայուն և կանխատեսելի զարգացմանը: Ստեղծվել են նաև պետական աջակցության մեխանիզմներ` ուղղված նոր ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և արտահանման ծավալների ավելացմանը: Բերեմ մի քանի օրինակ: Այսպես՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվում է 200 մլն դրամ և ավելի ներդրումներ կատարելու դեպքում / իսկ 200 մլն դրամը ներդրումների առումով շատ մեծ գումար չէ և դա հավասար է մոտավորապես 400 հազար եվրոյի/ կազմակերպությունների և անհատների կողմից վճարվելիք ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարների վճարման ժամկետների հետաձգում մինչև երեք տարի: Հնարավորություն է տրվում երկարաձգել «Ժամանակավոր ներմուծում», և «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով ապրանքների բացթողման, իսկ 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում` հետաձգել մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետները՝ երեք տարի ժամկետով: Ավելին, նորարարությանը, արտահանման ներուժի ավելացմանն ուղղված շատ, թե քիչ խոշոր ներդրումների դեպքում մենք պատրաստ ենք նաև ցուցաբերել անհատական մոտեցում՝ ընդունելով և կիրառելով հատուկ օրենք տվյալ ներդրումային ծրագրի մասին և տալ լրացուցիչ հարկային արտոնություններ, օրինակ՝ ազատելու նաև շահութահարկից :
Միաժամանակ, ՀՀ ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը նոր հեռանկարներ է բացում նաև օտարերկրյա ներդրողների համար, որոնք Հայաստանի տնտեսական տարածքով կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ ԵՏՄ միասնական շուկա: Հայաստանում ներդրումներ կատարելու օգտին է խոսում նաև մեր երկրում որակյալ և կրթված աշխատուժի առկայությունը, որը ճկուն է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին հարմարվելու առումով:
Հարգարժա՛ն գործարարներ,
Վերջին տարիներին մեր տնտեսության մեջ աճի տեմպեր ենք գրանցում հատկապես գիտելիքահենք ոլորտներում, որոնցից են՝ ՏՏ ոլորտը, դեղագործությունը, բժշկությունը, զարգանում է ֆինանսաբանկային համակարգը, ինչպես նաև ոսկերչությունը, գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, զբոսաշրջությունը, կոնյակագործությունը, գինեգործությունը: Երեկ մենք պարոն Նախագահի և հունական պատվիրակության անդամների հետ այցելել ենք Արմավիրի մարզ՝ պարոն Էռնեկյանի կողմից հիմնադրված այգու և նոր կառուցված գինու գործարանին ընդհանուր գնահատական տալու:
Ես ուրախ եմ, որ մեր գնահատականները համընկան, և մենք համարում ենք, որ Հայաստանի գյուղատնտեսության ապագան, վերամշակման արդյունաբերության ապագան հենց այդպիսին պետք է լինի: ՏՏ ոլորտի միջազգային առաջատարներն իրենց գրասենյակներն են բացում մեր երկրում: Այս ոլորտում Հայաստանում գործում է ավելի քան 380 կազմակերպություն, աշխատողների թիվը հասնում է 11 հազարի, տարեկան միջինում մենք արձանագրում ենք շրջանառության 20-25% աճ:
Բժշկագիտության ոլորտում նախաձեռնել ենք ուռուցքային հիվանդությունների բուժման և կանխարգելման, ժամանակակից գիտատար տեխնոլոգիաներով հագեցած, բժշկագիտության արդի միջազգային զարգացմանը համապատասխան կենտրոնի ստեղծումը՝ նպատակ ունենալով դարձնելու այն տարածաշրջանային նշանակության հաստատություն: Ես համոզված եմ, որ հայ-ամերիկյան գործակցությունն այս ոլորտում տալու է դրական արդյունքներ:
Թեև գյուղատնտեսության ոլորտը մեր երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության մեջ զգալի ծավալ է զբաղեցնում, այստեղ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, իմ կարծիքով, շատ մեծ են: Այս ոլորտում իրականացվել են մի շարք նախագծեր, որոնք, կարծում եմ, պետք է շարունակական բնույթ կրեն: Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի գյուղական զարգացման և պարենի նախարարության միջև ստորագրված համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում այդ ոլորտում համագործակցության ընդլայնման համար:
Զարգացման և փոխշահավետ գործակցության լավ հեռանկարներ կան զբոսաշրջության ոլորտում: Հաշվի առնելով Հունաստանի հարուստ ավանդույթներն այս ոլորտում՝ Հայաստանը հետաքրքրված է հյուրանոցաշինությամբ, երկու երկրների զբոսաշրջային օպերատորների համատեղ ծրագրերի իրականացմամբ, զբոսաշրջային գրավչության վայրերի կառավարման ոլորտում փորձի փոխանակմամբ: Իրոք, եթե մենք կարողանանք հունական կազմակերպությունների հետ այս ոլորտում նորմալ համագործակցել, Հայաստանը շատ մեծ օգուտներ կունենա, իսկ գործարարները, ովքեր կզբաղվեն այս գործունեությամբ, անշուշտ, կունենան շահավետ բիզնես, որովհետև փորձը Հունաստանում շատ մեծ է: Հայաստանում մենք գրանցում ենք զբոսաշրջության զգալի աճ և այդ պարագայում, իհարկե, ես կարծում եմ, որ այստեղ համագործակցությունը կարող է շատ մեծ արդյունքներ տալ: Հայաստանը հռչակել է “բաց երկնքի” քաղաքականություն, որի նպատակն է դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող օդային փոխադրումների ընդարձակումն ու որակի բարելավումը: Այս քաղաքականությունն արդեն տալիս է իր արդյունքները. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը աճել է ավելի քան 25 տոկոսով: Մեր երկրների միջև կանոնավոր չվերթների ավելացումը նույնպես խթան կհանդիսանա զբոսաշրջություն զարգացման համար:
Համագործակցության լավ ներուժ կա նաև էներգետիկայի ոլորտում: Նախկինում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների օգտագործման բնագավառում փորձի և տեխնոլոգիաների փոխանակումը, էներգետիկ ոլորտի ներդրումային ծրագրերը, կարծում եմ, հիմա էլ հետաքրքրություն են ներկայացնում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերջին 1-1,5 տարիների ընթացքում Հայաստանում բավականաչափ ուսումնասիրություններ են անցկացվել այս ոլորտում, և կան լավ այլընտրանքային աղբյուրներ:
Տիկնա՛ յք և պարոնա՛ յք,
Վստահ ենք, որ զարգացման կարևորագույն գրավականը որակյալ կրթությունն է ու մարդկային ներուժի խթանումը: Այս ոլորտում ևս կարող ենք համագործակցել, և մեր երիտասարդներին որակյալ կրթությամբ ապահովելու համար մենք նրանց ոչ միայն ուղարկում ենք արտասահման սովորելու, այլև գործուն ջանքեր ենք ներդնում այդ որակյալ կրթությունը մեր երկրում ապահովելու ուղղությամբ: Դրա վառ օրինակներից մեկը Դիլիջանի միջազգային դպրոցն է, որն այս տարի բացեց իր դռները 50 երկրից Հայաստան ժամանած 100-ից ավելի ուսանողների առջև։ Հայաստանում գործում են Ամերիկյան, Ֆրանսիական, Սլավոնական համալսարանները: Հուսով եմ՝ նաև առաջիկայում հույն ուսանողները ցանկություն կհայտնեն Հայաստանում ստանալ կրթություն, միգուցե այնպես, ինչպես արդեն 18 տարիների ընթացքում մեր հայ երիտասարդները կրթություն են ստանում և առաջին հերթին՝ ռազմական կրթություն, Հունաստանի բարձր որակ ունեցող ուսումնական հաստատություններում:
Նախագահ Պապուլիասի հետ այսօր մենք կարևորեցինք տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և գիտական համագործակցության Հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի անցկացումը, որը հնարավորություն կընձեռի բացահայտելու այդ ոլորտներում առկա ներուժն ու նախանշելու զարգացման հեռանկարները:
Տիկնա՛յք և պարոնա՛յք, ավարտելով խոսքս` ձեզ մաղթում եմ հաջողություն և արգասավոր գործունեություն, ոչ միայն այն պատճառով, որ ես ցանկանում եմ, որպեսզի հայ և հույն գործարաները մեծ շահույթներ ստանան, այլ որովհետև առանց տնտեսական կապերի ամրապնդման, առանց բիզնեսմենների և նրանց բիզնեսի կայացման, անհնար է լուծել մեր երկրների, մեր կառավարությունների առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները, այսինքն՝ բիզնեսը զուտ միայն տնտեսական գործունեություն չէ, սա քաղաքականություն է և, միգուցե, ամենակարևոր քաղաքականությունը:
Շնորհակալ եմ ուշադրության համար: