Չի հիշի անցյալը
Սյունիքի ՛՛նախկին եւ ներկա՛՛ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը փաստ է: Մեր խմբագրակազմը որոշում էր կայացրել՝ այլեւս չանդրադառնալ այս հարցի շուրջ քննարկումներին, մեկնաբանություններին եւ վերլուծություններին, քանի որ դրանք գործնականում բացի զգացական զեղումներից որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ:
Սյունիքից ստացված տեղեկությունները, սակայն ազդեցին մեր որոշման վրա: Մեր աղբյուրները նշում են, որ մարզպետարանում անհանգիստ են՝ ինչ քաղաքականություն է ՛՛բանեցնելու՛՛ մարզպետը : Թերեւս սյունեցիները անհանգստանալու առիթ չեն ունենա, քանի որ վերանշանակումից առաջ մարզպետը խոստացել է կադրային ջարդ չանել:
“Մուռ չեմ հանի, չեմ հիշի անցյալը: Բոլորի հետ հաշտ ու համերաշխ կլինեմ”,-մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանին խոստացել է Սուրիկ Խաչատրյանը: Վարչապետը նաեւ զգուշացրել է՝ առաջին իսկ ահազանգն ու բողոքը քննարկման հարց է դառնալու կառավարությունում:
Հ. Գ. Ի դեպ, 2013թ. հունիսի 3-ին Սուրիկ Խաչատրյանը հայտարարել էր՝ ժամանակավորապես է վայր դնում մարզպետի պարտականությունները՝ մինչեւ իր տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպի օբյեկտիվ քննության ավարտ: