29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ավստրիան շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնելու ոչ միայն քաղաքական համագործակցությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցին:

Նախագահը ողջունել է արտգործնախարար Կուրցի այցը մեր երկիր՝ ընդգծելով, որ մեծագույն հաճույքով է հյուրընկալում բարեկամ Ավստրիայից ժամանած պատվիրակությանը, ինչը լավ առիթ է վերհիշելու ս.թ. հունիսին Ավստրիա կատարած իր պաշտոնական այցը: Նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել է Ավստրիայի արտգործնախարարին՝ իր ջերմ ողջույնները փոխանցել Նախագահ Հայնց Ֆիշերին, ում հետ Վիեննայում հունիսին շատ արդյունավետ եւ կառուցողական երկխոսություն է ունեցել: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սեբաստիան Կուրցը Հայաստանում իր այցի հագեցած օրակարգի շրջանակներում արդյունավետ հանդիպումներ ու քննարկումներ կունենա, ինչը դրականորեն կանդրադառնա երկկողմ գործակցության զարգացման վրա՝ նոր թափ հաղորդելով հայ-ավստրիական հարաբերություններին:

Արտգործնախարար Կուրցը նշել է, որ Ավստրիան շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնելու ոչ միայն քաղաքական համագործակցությունը, այլեւ մեծ ուշադրություն դարձնելու ամենատարբեր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական ոլորտում փոխգործակցությանը: Նա պատահական չի համարել, որ իր հետ Հայաստան է ժամանել ավստրիացի գործարարների մեծաթիվ պատվիրակություն: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ երկու երկրների գործարար համայնքների միջեւ շփումները եւ Երեւանում նախարար Կուրցի այցի շրջանակներում Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակի հիմնումն զգալիորեն կխթանեն երկկողմ առեւտրատնտեսական կապերը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հումանիտար, մշակութային կապերը երկու ժողովուրդներին կամրջող կարեւոր գործոններից են:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի իշխանություններին եւ ժողովրդին՝ հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության, Մխիթարյան Միաբանության հանդեպ ցուցաբերվող ուշադրության համար, ինչի շնորհիվ Վիեննան դարձել է հայագիտության ճանաչված կենտրոններից:

Հանդիպմանը Հայաստանի Նախագահը եւ Ավստրիայի արտգործնախարարը գոհունակությամբ են խոսել միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ավստրիական համագործակցության մասին:

Սերժ Սարգսյանը եւ Սեբաստիան Կուրցն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ