24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պապանձվեցի․ Փաշինյանից հանդիմանված կուրթանցին խոսել է միջադեպից . News.am/տեսանյութ/

Լոռու մարզի Կուրթան գյուղում բնակվող 34-ամյա Մեխակ Առաքելյանը, որին մարտի 7-ին բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հանդիմանել էր այն բանի համար, որ նա լինելով «առողջ տղամարդ», աշխատելու եւ տուն ստեղծելու փոխարեն իրեն է դիմում, իրականում առողջական խնդիրներ ունի, որոնց պատճառով արդեն մի քանի տարի է՝ չի կարողանում աշխատել։

«Հիվանդ տղա եմ ես։ Ողնաշարիս երկու գրիժա կա, դիսկերս մաշված են, մի քանի անգամ «Շտապօգնություն» ենք կանչել, եկել ցավազրկել, գնացել են։ Բրոնխիտ ունեմ, որ տվել ա թոքերիս։ Բանակում չեմ ծառայել անգամ, ուղարկել էին բուժզննման Երեւանում, ասեցին՝ պիտանի չես ծառայության։

Բացի ողնաշարս, նաեւ երիկամների խնդիր ունեի։ Դա ծանր աշխատանքից էր, 11 տարեկանից աշխատել եմ՝ տուկ եմ բարձել օրը 3000-ով, 4000-ով, դաշտային գործեր եմ արել։ Հետո ռեմոնտի գործ էի անում, մի քանի տարի Ռուսաստան գնացի, բայց ամեն անգամ խաբվում էի։ Մի կերպ աշխատել եմ, որ մի հատ կով եմ ստեղծել՝ երեխեքին կաթ լինի։ Երնեկ ես առողջություն ունենայի, դուրս գայի, մի տեղ աշխատեի, տուն ստեղծեի։ Իմ դուրն էլ չէր գա, որ ես գնայի, պարոն Փաշինյանին ասեի՝ էս բանն ա պետք։ Բայց ես հիմա չեմ կարողանում մի վեդրո էլ վեր քաշեմ, տանը թեթեւ գործեր որ լինում ա, անում եմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մեխակը՝ նշելով, որ թեեւ իրեն բուժում է հարկավոր, բայց ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված միայն ցավազրկողներ է ստանում։ 

Մեխակի ընտանիքը 10 հոգուց է բաղկացած, որոնք ապրում են վագոն-տնակի երկու փոքրիկ սենյակում։ Կոմունալ հարմարություններից զուրկ շինությունում խոնավությունից քայքայվում է հատակը, թիթեղյա ծածկից խոնավանում է առաստաղը, սանհանգույց չկա։ Խոնավության պատճառով ընտանիքի՝ Մեխակի ու նրա եղբոր 4 անչափահաս երեխաները, որոնցից ավագը՝ 5 տարեկան, առողջական խնդիրներ են ունենում հատկապես ձմեռվա ամիսներին։

«Ամիս ա եղել, որ երեքն էլ միասին եղել են հիվանդանոցում։ Հիմա էլ Մխոյի 1 ու կես տարեկան տղան է հիվանդանոցում, թոքերն ու բրոնխները կոշտացած են, փոքր տղայիս աղջիկն է հիվանդանոցում։ Մինչեւ այս բուժում էինք տանը դեղերով, չօգնեց, պետք է պառկացնենք երեխեքին։ Կիրովականի դեղատանն էլ հենց հիմա 35 հազար դրամ պարտք ենք»,- ասաց Մեխակի մայրը՝ տիկին Անահիտը։ 

Տիկին ԱՆահիտը պատմեց, որ դեռեւս տարիներ առաջ ինքն ու ամուսինը, չունենալով ոչ մի սեփականություն Կուրթանում, տեղափոխվել են Սպիտակ՝ այնտեղ աշխատելու, մշտական բնակություն հաստատելու համար։ Նախքան երկրաշարժն ինքը աշխատելիս է եղել կարի ֆաբրիկայում, պատրաստվել են նոր տուն ստանալու, սակայն երկրաշարժից հետո ստիպված են եղել լքել Սպիտակը եւ վերադառնալ Կուրթան․ «Տունը կիսակառույց էր, ոչ մի փաստաթուղթ չունեինք, հետո մեզ ոչ մեկ տուն չտվեց, եկանք, էս դոմիկը դրեցինք, արդեն 32 տարի է՝ ապրում ենք այստեղ։ Էս տան պայմանները մեր ամբողջ ընտանիքին հիվանդ են դարձրել»։

Առաքելյանների ընտանիքն ապրում է բարեկամներից, հարեւաններից, գյուղապետից ստացած օգնություններով, նպաստով եւ հազվադեպ պատահող օրավարձով աշխատանքով։ Օգնության խնդրանքով բազմիցս դիմել են տարբեր մարմինների՝ այդ թվում վարչապետին, սակայն անպատասխան։ Մարտի 7-ին, իմանալով, որ վարչապետն իրենց գյուղ է ժամանելու, Մեխակը որոշել է անձամբ հանդիպել նրան․ «Ես գնացել էի վարչապետին խնդրեի, որ գոնե քարից երկու սենյականոց տնով օգնեն, որ խոնավ չլինի, երեխեքը չհիվանդանան։ Ուղղակի ես չկարողացա խոսեմ, ամաչեցի, որ առաջին անգամ հանդիպեցի իրեն, պապանձվեցի, խոսքերս դուրս չեկան, որ ասեի, ինքն ինձ հաղթեց էլի, ինքն ինձ ինչ պետք էր, ասեց… Ես էլ, որ բան չխոսացի, ինքը սկսեց ինձ՝ որ առողջ տղա ես, խի չես աշխատում, էլ չկարողացա խոսեմ։ Էսօր իմ վերաբերյալ շատ վատ բաներ են գրում, մեկը գրել ա՝ բոմժ ես, մեկը գրել ա՝ եսիմինչ ես, ասել եմ՝ ոչինչ, վերեւը Աստված կա, թող ասեն»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեխակին մարտի 7-ին ուղիղ եթերում հանդիմանանքով հորդորել էր աշխատել ու տուն ստեղծել եւ վարչապետին նման հարցով չդիմել՝ նշելով, որ իր դեպքում պետությունը պարտավորություն չունի։

«Եթե ոտքը, ձեռքը տեղը առողջ տղամարդը գալիս, ասում է՝ «վարչապետ, ես տուն չունեմ», ես էլ տուն չունեի, որտեղի՞ց եմ տուն ստեղծել: Աշխատել եմ 24 ժամ և ստեղծել եմ իմ տունը: Դու էլ մի բան ձեռնարկիր, աշխատիր, եկամուտ ունեցիր, քո տունը սարքիր. վարչապե՞տն է քո տունը սարքելու: Հետն էլ երիտասարդ ընտանիքների համար հիպոթեքային ծրագիր ենք դրել, բա քեզ նման տղեն, կներես, մի քիչ էլ արժանապատվության  հարց է, առողջ տղամարդը կգա ուրիշ առողջ տղամարդու կասի` իմ տան, իմ հացի հարցը լուծի՞, բա իմ հացի հարցը ո՞վ է լուծելու: Չեմ ասում՝ պալատներ եմ սարքել, Երրորդ մասում ինձ համար 3 սենյականոց բնակարան եմ ստեղծել: Գնա աշխատի, քո  ընտանիքի հարցը լուծի»,-ասել էր նա:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ