Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ժան-Կլոդ Յունկերին
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Կլոդ Յունկերին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հանրապետության Նախագահը Եվրոպական հանձնաժողովի նորընտիր նախագահին մաղթել է ամենայն բարիք եւ արգասաբեր գործունեություն:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ժան-Կլոդ Յունկերի պաշտոնավարության ընթացքում Եվրոպական հանձնաժողովի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ եւ խորանալ` բացելով փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարներ:
“Եվրոպական Միության հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ինչը մենք մեծապես գնահատում ենք:
Վերահաստատում եմ Հայաստանի՝ Եվրոպական միության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ Արեւելյան գործընկերության շրջանակներում հարաբերությունները զարգացնելու հանձնառությունը”,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: