24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կոչ ենք անում կողմերին առարկայական բանակցություններ վարել․ համանախագահների հայտարարությունը

Բրատիսլավայում նախարարների խորհրդի շրջանակներում կայացած հանդիպման առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը, ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերը) շարունակում են հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իրենց միջնորդությանը: Այս մասին ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ:

«Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դրական են գնահատում շփման գծում և միջազգային սահմանին բռնության հարաբերական ցածր մակարդակը և շնորհակալ են կողմերին՝ լարվածության սրման վտանգը նվազեցնելու նպատակով անմիջական կապի ուղիներն ամբողջովին օգտագործելու համար, ինչպես ԱԳ նախարարները պայմանավորվել էին հունիսին՝ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների ժամանակ:

Մենք ողջունում ենք անցյալ տարվա ընթացքում ձեռնարկված հստակ քայլերը, որոնք ուղղված են եղել լարվածության նվազմանը և բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն, ինչպես կոչ էին արել համանախագահող երկրները 2018-ի դեկտեմբերին հրապարակված միլանյան հայտարարությամբ և ինչպես նախարարները համաձայնել էին անել Փարիզում՝ 2019-ի հունվարին:

Մենք ողջունում ենք մարդասիրական միջոցառումներն իրականացնելու ջանքերը, որոնք քննարկել են ղեկավարները ապրիլին՝ Վիեննայում կայացած հանդիպմանը, մասնավորապես՝ վերջերս տեղի ունեցած լրագրողների փոխադարձ այցերը և բանտարկյալների համաժամանակյա ազատ արձակումը հունիսի 28-ին: Նկատելով, որ նման ջանքերը կարևոր դեր են խաղում խաղաղ լուծում գտնելուն ուղղված առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման հարցում, պատվիրակությունների երեք ղեկավարները կոչ են անում մարդասիրական և անվտանգության հավելյալ միջոցառումներ իրականացնել:

Մտածելով հարազատներին կորցրած մարդկանց սարսափելի տառապանքների մասին՝ մենք կողմերին կոչ ենք անում կրկնապատկել ջանքերը՝ աջակցելու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ կորած մարդկանց մասին տեղեկությունները փոխանակելու հարցում, ինչպես երկու երկրների ղեկավարները պայմանավորվել էին Փարիզում՝ 2014-ի հոկտեմբերին կայացած գագաթնաժողովում: Գնահատելով գործող նախագահի անձնական ներկայացուցչի զգալի ավանդը հրադադարի պահպանման հարցում՝ ընդգծում ենք նրա՝ մոնիթորինգային առաքելությունն ընդլայնելու շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը, որի վերաբերյալ կողմերը համաձայնություն են ձեռք բերել 2016-ին:   

Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ 2020-ի սկզբին համանախագահների հովանու ներքո կրկին հանդիպելու մտադրությունը, որը նպատակաուղղված է առավել ինտենսիվ դարձնելու խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների շուրջ բանակցությունները, և աջակցելու բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունների անցկացմանը:

Պատվիրակությունների ղեկավարները վերահաստատում են, որ արդար և երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների վերաբերյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ վկայակոչելով համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների՝ 2009-ին Աթենքում նախարարական խորհրդի հանդիպման ավարտին արված համատեղ հայտարարությունը: Այն պետք է ներառի նաև հավելյալ կետեր, որոնք առաջարկվել են համանախագահող երկրների նախագահների կողմից 2009-2012 թթ-ին:

Պատվիրակությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծում են, որ ստատուս-քվոն անընդունելի է, և հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Հետևաբար, կոչ ենք անում Երևանին և Բաքվին՝ բարեխիղճ առարկայական բանակցություններ վարել՝ առանց հետաձգումների կամ պայմանների:

Պատվիրակությունների ղեկավարները վստահություն են հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը շարունակում է անփոփոխ հիմնակետ լինել կայուն կարգավորման հասնելու համար: Կոչ ենք անում կողմերին՝ համագործակցել միմյանց և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որոնց մենք կհրահանգենք շարունակել իրենց միջնորդական ջանքերը»:

 

 
 63  0
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ