Սրան ես հասնում, երբ խելքի փոխարեն դուխով ես առաջ գնում. Իրավունք
Այն, որ Իտալիայում, դրանից առաջ էլ Ֆրանսիայում ադրբեջանցի «բլոգերների» հետ վարչապետ Փաշինյանի սիրահոժար «բախումները» տպավորություն առաջ բերեցին, որ դրանք ավելի նման են «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» ծրագրված քայլերը, ներկայացնելու առիթ ունեցել ենք: Եվ ահա օրերս էլ ֆիքսվեց, որ «խաղաղության նախապատրաստման» քայլերն ամենեւին էլ միայն «բլոգերների» հետ «պատահական հանդիպումներով» չեն սահմանափակվում:
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ» ԱՆԻՄԱՍՏ ՔԱՅԼԵՐ
Այսպես, օրերս հայտնի դարձավ նաեւ, որ ընթացքի մեջ է նաեւ Ադրբեջանի հետ, այսպես կոչված, լրագրողների փոխանակման գործընթացը. չգիտես ինչպես` ընտրված հայ լրագրողները մեկնել են Ադրբեջան, իսկ ադրբեջանցի լրագրողները՝ Հայաստան: Սակայն այստեղ մեկ տարօրինակ դրվագ աչքի առաջ է: Բանն այն է, որ ՀՀ ԱԳՆ-ն, միայն այն բանից հետո, երբ հրապարակային աղմուկ առաջացավ, որ մասնաավորապես հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխանակման ծրագիր կա, նոր միայն խոսեց այդ մասին: Ավելին, որ այն.
«Նախապատրաստվել եւ կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ…»: Իսկ դա հաստատում է, որ այդ ծրագիրն իրոք միտված է «խաղաղության նախապատրաստելուն»: Բայց այդ ինչպե՞ս է նպաստոլու, եթե նման քայլերը գաղտնի են պահվում: Մինչդեռ «խաղաղության նախապատրաստում» ասվածը ենթադրում էր ամեն մի կոնկրետ քայլին զուգահեռ լայն քարոզարշավ Հայաստանում եւ Ադրբեջանում: Իսկ այսպես,գաղտագողի, երեւի «նախապատրաստողներն» էլ են քաջ գիտակցում, որ դրանից որեւէ ռեալ տեղաշարժ այդ նույն ժողովուրդների պատկերացումներում չի կարող լինել: Այս տարօրինակ վիճակի միակ խելքին մոտ բացատրությունն այն կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են եւ «պտիչկա դնելու» համար ինչ-որ բաներ անում են: Այս դեպքում հարցն այլ է. եթե պետք է նման «անհավես» քայլեր անեին, էլ ինչո՞ւ էին պարտավորվում: Ու հասնում ենք այն հին մտքին, որ ստիպված էին պարտավորվել, այսինքն՝ կան Մինսկի խմբից եկող մոտավորապես այս կարգի ճնշումներ՝ «Դե, արագ խաղաղության նախապատրաստվեք, որ հաջորդ քայլն արվի»:
Չնայած, պետք է հաշվի առնել նաեւ այս հանգամանքը. լրագրողական փոխանակումից հետո ՄԽ ամերիկյան համանախագահը թվիթերյան էջում շտապեց ողջունել այն. «Նման միջոցառումները, ինչպես այդ փոխանակումը, բնակչությանը պատրաստում են խաղաղության եւ նվազեցնում լարվածությունը»:
Սա տանում է այն մտքին, որ հատկապես ԱՄՆ-ի կողմից կա կարգավորման գործընթացը «խաղաղության նախապատրաստման» նման անիմաստ հուն տանելու շահագրգռվածություն, եւ չբացառենք, որ Երեւանն ու Բաքուն պարզապես նման փոխանակումներով հենց ամերիկյան ծրագրերին են ընդառաջ գնում: Ու այստեղ կարող է բավականին խորը տրամաբանություն լինել:
ԻՆՉՈՒ Է ՊԵՏՔ ԱՅԴ ԱՆԻՄԱՍՏ «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ»
Այսպես, ամենակարեւոր հարցը, որը մնում է «բնակչությանը խաղաղության պատրաստելու» նման քայլերից հետո, այն է, թե հատկապես ո՞ր կարգավորման մեխանիզմի շուրջ պետք է «պատրաստվել»:
Եթե ՄԽ-ի գծով ենք «խաղաղության պատրաստվում», ապա ենթադրելի է, որ խոսքը կարող է լինել հենց ՄԽ-ի ներկայացրած հայտնի վեցկետանոց ծրագրի մասին: Ընդ որում` նկատենք. եթե մինչ ԱԳ նախարարների վաշինգտոնյան հայտնի հանդիպումն այս ուղղությամբ բանակցային տեմպերը գերակտիվ էին, ապա վաշինգտոնյան հանդիպումից հետո սկսվեց նկատվել պասիվացում, որի հետ կապված մի շարք դժգոհություններ հնչեցին նախ՝ Բաքվից, ապա կոշտ տոնով այդ մասին խոսեց նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ուղղակիորեն մեղադրելով Փաշինյանին: Չնայած կարելի է հասկանալ, որ «Լավրովի պլան» անվամբ ներկայացվող ՄԽ-ի վեցկետանոց ծրագրի վերջնական հաստատումը հազիվ թե Վաշինգտոնի երազանքների գագաթնակետը լինի:
Շատ է խոսվել, որ Վաշինգտոնը 2016թ.-ին դրան գնաց պարտադրված: Այն պարզ պատճառով, որ քառօրյա պատերազմի հանրագումարում Մոսկվան հնարավորություն ստացավ առաջ բերել եռաչափ՝ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով կարգավորման մեխանիզմը: Եվ այՆ կարող էր միացվել, եթե հենց «Լավրովի պլանը» չընդունվեր ՄԽ-ի օրակարգ: Սակայն դրան հաջորդեց մոտ երկամյա դադար, որը սառեցրեց բանակցային գործընթացը, եւ այդ դադարի մեջ դժվար չէր տեսնել Վաշինգտոնի դերը (այդ թվում՝ հայաստանյան «հեղափոխության» մեջ): Եվ ահա, երբ վերսկսվեց բանակցային ակտիվությունը, էլի «պատահաբար» հենց Վաշինգտոնում տեսանելի դարձավ դրա արգելակումը:
Սակայն հայաստանյան վերջին այցի ժամանակ Լավրովն օրակարգ վերադարձրեց ՌԴ-Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով կարգավորման գաղափարը, որը պարզ ակնարկ էր, որ այն նորից «կմիացվի», եթե ՄԽ-ի շրջանակներում գործընթացը մնա պասիվ: Բայց ահա, եթե ՄԽ-ն մտնի «խաղաղության նախապատրաստման» գործընթաց, այն էլ՝ ոչինչ չտվող նման քայլերով, ապա դա էլի կարող է դառնալ բանակցությունները ձգձգելու միջոց. նման քայլերով երեւի մի 100 տարին էլ քիչ լինի՝ «բնակչությանը խաղաղության պատրաստելու» համար, այն էլ՝ այդ «բնակչությունից» գաղտնի պահվող ծրագրի շուրջ:
Չնայած, մոտ ժամանակներս կարող են բանակցային նոր սառեցման այլ պատճառներ էլ ի հայտ գալ: Օրինակ, «տարօրինակ» ակտիվություն են սկսել դրսեւորել տարբեր սորոսաբնույթ խողովակներով Հայաստանը ողողած հնդիկ համարվող միգրանտները»որոնք, ինչպես պարզվեց, արդեն նաեւ զինված են եւ նույնիսկ՝ «դուխով» այդ զենքը գործի են դնում: Եվ այն խոսակցությունները, որ այդ «միգրանտների» գոնե մի զգալի մասին կարելի է կապել նույն սորոսաբնույթների կողմից ֆինանսավորվող ահաբեկչական շարժումների հետ, այս օրինակից հետո արդեն մերկապարանոց չեն հնչում:
Ընդ որում` չմոռանանք, որ խոսքը 30-35 հազար նման միգրանտների մասին է, այսինքն՝ մի ամբողջ բանակի, որը Հայաստան լցվեց մեր տեղական սորոսականների վառած կանաչ լույսով: Չնայած, կարելի է ենթադրել նաեւ, որ այդ «միգրացիոն կրակոցները» Փաշինյանին ուղղված մեսիջ էր: Այն ցուցադրական դրեյֆը, որ նա վերջին ժամանակներս կատարում է Մոսկվայի ուղղությամբ, եւ որի արդյունքում ՌԴ-ն սկսեց խոսել հայաստանյան ռազմաբազան կրկնապատկելու, արցախյան եռակողմ ձեւաչափի եւ այլ նման գործընթացների մասին, ենթադրել էինք, որ կունենա արձագանքներ: Ի վերջո, Նիկոլի եվրոպական ձախողված վերջին այցերը եւս այդ են հուշում:
ՈՒ ՆՈՐԻՑ ՌՈՒՍԱԿԱՆ ՄՈՒՐՃԻ ՈՒ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՆԴԱՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Այսպիսով, որ արտաքին գործոնի ազդեցությամբ Հայաստանի ներսում ինչ-որ խիստ տագնապահարույց իրավիճակ է հասունանում, բառացիորեն աչքի առաջ է սկսում տեսանելի դառնալ: Ընդ որում, արտաքին իրավիճակն էլ, անկախ դեպի Մոսկվա փաշինյանական այդ դրեյֆից (միգուցե՝ ձեւական), մի բան չէ: Թեկուզեւ հաշվի առնելով, որ մեր «հեղափոխականներն» այդպես էլ գազի գնի խնդիր էլ չեն կարողանում լուծել, մինչդեռ դրա դիմաց Ադրբեջանի երկրորդ պաշտոնական դեմքը՝ Մեհրիբան Ալիեւան, Մոսկվայում օրերս արժանացավ մի այնպիսի ընդունելության, որի մասին մեր առաջին դեմքը կարող է միայն երազել: Սակայն այստեղ ամենաէականն ընդունելության մակարդակը չէ: Ադրբեջանական մի շարք աղբյուրներ, այս այցը համարելով պատմական, նման հետաքրքիր մեկնաբանություն են հնչեցնում.
«Այս այցն անցել է շատ պատասխանատու ժամանակահատվածում, որը փորձարկում է կողմերի՝ ռազմավարական գործընկերության մասին հայտարարված պայմանավորվածություններին համապատասխանելու ունակությունը: Ինչպես երկկողմ հարաբերությունների մակարդակով, այնպես էլ տարածաշրջանային գործընթացների համատեքստում, ներառյալ՝ տարածաշրջանի զարգացումն արգելակող հակամարտությունների կարգավորումը»:
Եթե պնակալեզական դրվագները մի կողմ թողնենք, իմաստը սա է. այցի հիմնական հարցերից մեկը եղել է արցախյան հակամարտության հետ կապված որոշակի պայմանավորվածությունների վերահաստատումը: Իսկ թե ինչու Մեհրիբանի միջոցով, դա էլ է հասկանալի. նույն օրը Ալիեւն ընդունեց «Աշխարհի կրոնական առաջնորդների» Բաքվի գագաթաժողովը, եւ հյուրերի թվում էր Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը: Այսինքն, Բաքվի եւ Մոսկվայի այդ քննարկումները ավելի խորքային բնույթի էին:
Դե իսկ Փաշինյանի հետ հանդիպում եւ, չբացառենք, նաեւ արցախյան թեմայով նույն բնույթի ճշգրտումները նախատեսված են նոյեմբերի 28-ին՝ Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նստաշրջանի շրջանակներում: Եվ չմոռանանք, դրան էլ դեկտեմբերի սկզբներին կհաջորդի Մամեդյարով-Մնացականյան հերթական ռաունդը, եւ այն տպավորությունն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների (Մեհրիբանին ամուսնուց չառանձնացնենք) հետ այս քննարկումները «ժամացույցների համապատասխանեցման» բնույթ է կրում: Եղե՞լ է այդ «համապատասխանեցումը», ցույց կտա Մամեդյարով-Մնացականյան հանդիպումը: Եթե ոչ, ապա ՌԴ-Հայաստան-Ադրբեջան ձեւաչափին անցնելու հավանականությունը կտրուկ աճում է: Բայց նաեւ չմոռանանք, որ այս փուլում ԱՄՆ-ն կտրուկ ավելացնում է Իրանի ուղղությամբ ճնշումները, որոնք անիմաստ կդառնան, եթե բանը հասնի արցախյան շփման գծում ռուս խաղաղարարների տեղակայմանը: Իսկ դա նշանակում է, որ այս ժամանակահատվածում ռուս խաղաղարարների հետ կապված ամերիկյան կանխարգելիչ կտրուկ եւ ցանկացած բնույթի քայլերի հավանականությունը շատ մեծ է, ինչպես որ մեծ է նաեւ նույնպես ցանկացած բնույթի ռուսական պատասխան քայլերի հավանականությունը: Իսկ որ այդ ամենը Հայաստանի ուղղությամբ է, ոչ մի լավ բան չի հուշում մեզ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ