Պարո´ն վարչապետ, էս ի՞նչ կոռուպցիոն գործարքների մեջ է նախարարդ, «Հայոց լեզուն», «Հայ գրականությունն» ու «Հայոց պատմությո՞ւնն» են ձեզ խանգարում. Հրապարակ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարն էլ խախուտ կամրջին է բռնել: Մի հարցնող լինի՝ բա այս խաղաղ պայմաններում պարտիզան-պարտիզան կխաղա՞ն, որ դուք եք խաղում: «Հայոց լեզուն», «Հայ գրականությունն» ու «Հայոց պատմությո՞ւնն» են ձեզ խանգարում կրթությամբ, գիտությամբ, մշակույթով ու սպորտով զբաղվել: Պարո´ն Արայիկ Հարությունյան, իսկ պատկերացնում եք, թե Ձեր գլխավորած երկարահունչ անվամբ նախարարության աշխատակիցներն ինչպես էին զբաղվելու կրթության, գիտության, մշակույթի և մանավանդ սպորտի հարցերով, եթե տարրական գիտելիքներ չունենային մայրենի լեզվից կամ հայոց պատմությունից:Խոսքը նաև Ձեզ է վերաբերում, պարո´ն Հարությունյան, որ մի կերպ էշը ցեխից հանեցիք Թումանյանի քառյակը կարդալիս: Հուսամ՝ լատինատառ տեքստից չէիք կարդում…
Սա ինչ պատճառաբանություն է, թե, իբր, հայ մաթեմատիկոսին ու քիմիկոսին հայերեն իմանալը պարտադիր չէ: Ուզում եք ասել՝ ձեզնից առաջ մարդիկ այդքանը չե՞ն հասկացել, որ հայաստանյան բուհերում նշված առարկաների դասավանդումը երկու կիսամյակ պարտադիր են դարձրել ու պահանջել, որ ուսանողները մի հատ էլ ստուգարք հանձնեն:Մեկ էլ բլթացնում եք, թե «Հայոց լեզվի», «Հայ գրականության» և «Հայոց պատմության» դասաժամերը խանգարում են ժամանակակից կրթական ծրագրեր կազմելուն: Վայ, սուտասաններ… Բա որ խանգարում են, ինչո՞ւ եք կաշիներդ փրկելու համար արդարանում, թե ամեն ինչ մնալու է բուհի հայեցողությանը՝ կուզեն կդասավանդեն, կուզեն՝ չեն դասավանդի: Ու եթե ուզենան դասավանդել, ձեր ժամանակակից կրթական ծրագրերը չեն տուժի:
Ինչևէ, արդեն հայտնի է, որ «Կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի աշխատանքային տարբերակում հայերենագիտական և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդման դրույթը հանված է, ինչը ենթադրում է, որ պետական և ոչ պետական բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում այդ առարկաների դասաժամերը հանվելու են դասացուցակներից: Իսկ ինչ մնում է բուհերի ցանկությանը՝ դասավանդել, թե ոչ, տեխնիկապես հեշտ լուծելի հարց է: Մնում է, որ ՀՀ մնացած բուհերում, որոնցում տակավին ռեկտորափոխություն չի իրականացվել, այդ պաշտոնում նշանակվեն Արայիկ Հարությունյանի մարդիկ և հայոց լեզվի հարցը լուծեն «գեղական կարգով»:
Ահա և հասկացանք, թե ինչ է ուզում անել ՀՀ կառավարությունում Սորոսի քվոտայով պորտֆել ստացած Արայիկ Հարությունյանը: Կա՞ արդյոք հայ մարդուն իր ազգային արմատներից կտրելու ավելի հեշտ եղանակ, քան նրա լեզուն, մշակույթը և պատմությունն անկարևոր համարելն ու մոռացության տալը: Եվ այս կառավարության ղեկավարն ամերիկաներում մեծ-մեծ խոսում է հայապահպանության, հայի տեսակի, հայ մարդու ինքնության մասին: Պարո´ն վարչապետ, էս ի՞նչ կոռուպցիոն գործարքների մեջ է նախարարդ, ո՞վ է նրան պատգամել այդ գործով զբաղվել, եթե հայտնի է, որ ՀՀ քաղաքացին նման պատվեր չի իջեցրել:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: