Վանաձորի պոլիկլինիկաների աշխատակիցները լքում են աշխատավայրերը
Ազգային ժողով-կառավարության հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ Վանաձորի պոլիկլինիկաների աշխատակիցները լքում են աշխատավայրը, պատճառաբանելով, որ իջեցրել են իրենց աշխատավարձերը: ”Նույնիսկ ասում են, որ պոլիկլինիկայի մասնագետները ոտքով են գնում գործի, քանի որ գումար չունեն, որ աշխատանքի գնան: Ո՞րն է բուժաշխատողների աշխատավարձերի կրճատման պատճառը”,- հարցրեց Մարուքյանը:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պատասխանեց, որ Կառավարության նոր ծրագրում նախարարությունը առաջնային ուշադրություն է արժանացրել առաջնային բուժողակին: ”Կոնկրետ Վանաձորի պոլիկլինիկայի հետ կապված ուսումնասիրության կարիք կա: Նախարարությունը ուսումնասիրություն կանցկացնի և հստակ կպատասխանի, թե ինչպես է եղել, որ բուժհաստատության մասնագետների արտահոսք է եղել”,- ասաց Մուրադյանը: Արձագանքելով պատասխանին` Մարուքյանը նշեց, որ ըստ իր ունեցած տեղեկություններով` Վանաձորի պոլիկլինիկայի աշխատակիցների արտահոսքի պատճառը նրանց աշխատավարձի կրճատումն է: ”Լավ մասնագետներ են և չեն կարող 35 հազար դրամով աշխատել”,- ասաց Մարուքյանը: