Մոսկվան մեկնաբանել է բանակցություններում Արցախը ներգրավելու վերաբերյալ հարցը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԼՂ հիմնահարցի կարգավորմանը:
Այն դիտարկմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո հայտարարվել էր, որ անհրաժեշտ է ժողովուրդներին պատրաստել խաղաղության, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սպառազինվել՝ ժողովրդին սնելով ռազմական հռետորաբանությամբ, շարունակում է զինվել, քանի որ գտնվում է պատերազմական իրավիճակում, Մարիա Զախարովան արձագանքել է, որ այդ հարցը պետք է ուղղել ոչ ռուսական կողմին:
«Մենք մեր միջնորդական գործառույթը կատարում ենք բարեխղճորեն և, ինձ թվում է, որակով: Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև տարբեր մակարդակներով կայացած շփումները, մենք լսել ենք երկու երկրներում դրանց վերաբերյալ կառուցողական գնահատականները և կարծում ենք, որ դա առաջ գնալու ճիշտ ճանապարհ է»,- նշել է Զախարովաբ։
Անդրադառնալով բանակցություններում Արցախը ներգրավելու վերաբերյալ հարցին` Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ ՌԴ-ի դիրքորոշումը մնացել է անփոփոխ:
Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե քանի որ ինքը Արցախը չի ներկայացնում, ամեն ինչ անելու է, որպեսզի Ստեփանակերտը ներգրավվի բանակցային գործընթացին: