23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին:

 

Միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նախ կայացել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:

Խորհրդի մասնակիցներն ամփոփել են Եվրասիական տնտեսական միության տարեկան աշխատանքները Ռուսաստանի Դաշնության նախագահության ընթացքում, ընդգծվել են եվրասիական ինտեգրման հետագա խորացման առանցքային ոլորտները, ինչպիսիք են առևտուրը, էներգետիկան, թվային օրակարգը:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել խոչընդոտների ու սահմանափակումների վերացման, ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծման, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմանների ապահովման, ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսաարժույթային ու դրամավարկային քաղաքականության մոտարկման և ապագայում միասնական ֆինանսական շուկայի ստեղծման, ինչպես նաև միության թվային օրակարգի իրականացման, նավթամթերքների ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները դիտարկել են նաև կազմակերպության գործունեության ընթացիկ և կազմակերպչական հարցերը:

Որոշում է կայացվել 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցել Հայաստանին:

«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը մեր կառավարության գերակայություններից մեկն է: ԵԱՏՄ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցությունը դառնում է կարևորագույն դրական գործոններից մեկը, որն ազդում է երկրի տնտեսական աճի և արտաքին առևտրի ներուժի վրա:

Այսպիսով, 2018 թ. առաջին 10 ամիսներին Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության երկրների միջև ապրանքաշրջանառության աճը 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 15 տոկոս: Նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան 22 տոկոսով, իսկ Հայաստանի ընդհանուր արտահանման ծավալը` 11.7 տոկոսով: Ավելանում է նաև ԵԱՏՄ երկրների բաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման կառուցվածքում:

Այս փաստերը, կարծում եմ, վկայում են ոչ միայն մեր ապրանքների համար ԵԱՏՄ շուկաներում ստեղծված բարենպաստ կոնյուկտուրայի, այլև մեր միության ներսում գործող ազատ առևտրի գործիքների արդյունավետության մասին:

Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ: Մենք պատրաստ ենք հետայսու նույնպես գործադրել բոլոր ջանքերը ինտեգրացիոն ինստիտուտների կատարելագործման և համագործակցության նոր ուղիներ ու մեխանիզմներ գտնելու համար: Այս համատեքստում կցանկանայի նշել, որ Հայաստանը ողջունում է «Ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման մասին հռչակագիրը» և սատարում է այդ փաստաթղթի դրույթները, որոնք սահմանում են մեր համագործակցության փիլիսոփայությունը և դրա զարգացման հիմնական ուղղությունները:

Մենք համոզված ենք, որ մեր երկրների ինտեգրումը, ի վերջո, պետք է ծառայի գործարարության համար հարմարավետ միջավայրի ստեղծմանը և մարդկային ներուժի լիարժեք իրացմանը: Եթե այս հարցում կարողանանք հասնել տեսանելի արդյունքների, ապա ի հայտ կգան մի շարք տնտեսվարողներ և անհատներ, որոնք հետաքրքրված կլինեն ինտեգրացիայի խորացմամբ: Ինտեգրացիան կդառնա անշրջելի, եթե երկրների քաղաքացիները տեսնեն կոնկրետ արդյունքներ:

Հայաստանի կառավարությունը նպատակ ունի զարգացնել տնտեսության տեխնոլոգիական հատվածները: Տեղեկատվական տեխնոլոգիաները մեր տնտեսության ամենաարագ աճող ոլորտն է և հանդիսանում է մեր երկրի հնարավոր մրցակցային առավելությունը: Այս առումով Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Այն լիովին համահունչ է մեր առաջնահերթություններին, և մենք շահագրգռված ենք դրա լիարժեք իրագործմամբ:

Հայաստանը հատկապես կարևորում է արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան: Մենք լիովին աջակցում ենք «ԵԱՏՄ-ի 2019 թ. միջազգային գործունեության հիմնական ուղղություններին» և ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնմանն ուղղված ջանքերին: Մենք առաջնային ենք համարում համագործակցությունը Եվրամիության, ինչպես նաև այն երկրների հետ, որոնք մեր անմիջական առևտրային գործընկերներն են: Հայաստանը պատրաստ է դառնալ արդյունավետ հարթակ Իրանի հետ առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Մենք նաև պատրաստ ենք ակտիվ դեր խաղալ Եգիպտոսի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում:
Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի Իրանի և Չինաստանի հետ պայմանագրերը, որքան հնարավոր է, շուտ ուժի մեջ մտնեն: Հայաստանի կառավարությունն ավարտում է այդ փաստաթղթերը վավերացնելու ներքին ընթացակարգը, և շուտով՝ խորհրդարանական ընտրություններից հետո, դրանք կներկայացնեն երկրի Ազգային ժողովի հաստատմանը:

Այսօր Հայաստանում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք, ըստ էության, ազդում են մեր հասարակության կյանքի բոլոր բնագավառների վրա: Ինչպես գիտեք, երեք օրից մեր երկրում կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Կարող եմ վստահաբար ասել, որ այսօր Հայաստանում կան բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են վերջին քառորդ դարում մեր երկրում տեղի ունեցած ամենից բաց, ազատ և արդար ընտրությունների անցկացման համար: Ստեղծվել են բոլոր պայմանները մեր ժողովրդի կամքի ազատ արտահայտման համար:

Նոր խորհրդարանը Հայաստանի ժողովրդին հնարավորություն կտա ձեւավորել կառավարություն, որի գործունեությունը նպատակաուղղված կլինի հնարավորինս շուտ հասարակության համար գերակա ուղղություններով արդյունքների հասնելուն, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում, օրենքի գերակայության ամրապնդման և տնտեսական ու քաղաքական բնագավառում գործող բոլոր սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծման ուղղությամբ։

Վերջում ես կցանկանայի անդրադառնալ Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի ներկայացուցվածության հարցին: Առաջնորդվելով մեր գործընկերային փոխհարաբերությունների և մեր միության գործունեության հետ կապված կառուցողական մոտեցման սկզբունքներով՝ մենք չենք պնդում անհապաղ քննարկել այդ հարցը և համապատասխան որոշում կայացնել: Այնուամենայնիվ, սա մեզ համար զգայուն հարց է, և մենք կցանկանանք այն թողնել մեր քննարկումների ընդհանուր օրակարգում` բոլորիս համար փոխշահավետ լուծում գտնելու համար:

Եվ, ավարտելով ելույթս, ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանը պատրաստ է ընդունել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահությունը և ուրախ է հյուրընկալել խորհրդի նիստերից մեկը: Մենք կգործադրենք բոլոր ջանքերը այդ կարևոր և պատասխանատու խնդրի հաջող լուծման համար։ Հուսով եմ, որ մեկ տարի հետո մենք կունենանք ավելի համախմբված միություն, որը կծառայի է մեր տնտեսությունների, պետությունների և ժողովուրդների շահերին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ