Տնային կենդանիներն ու առողջությունը
Տնային կենդանիներ պահելն ունի և՛ առավելություններ, և՛ թերություններ: Կարծիք կա, որ դրանք կարող են խանգարել ոչ միայն անձնական կյանքում, այլև տնային տնտեսության մեջ, և վնասակար լինել առողջության համար:
Սակայն ավստրալիական մի հետազոտություն պարզել է, որ շներ և կատուներ ունեցող մարդիկ ավելի լավ առողջական վիճակում են: Այս հետևություններն արվել են մարդկանց՝ բժիշկներին այցելելու հաճախականությունը ստուգելուց և դեղեր ընդունելու քանակն ուսումնասիրելուց հետո:
Մի շարք ուսումնասիրություններ պարզել են, որ տանը շուն պահելը կարող է իջեցնել արյան ճնշումը: Փաստերը վկայում են, որ այն երեխաների մոտ, ովքեր մեծացել են կենդանիների հետ, ալերգիկ լինելու հավանականությունն ավելի քիչ է: Ավստրալիական մի այլ հետազոտություն էլ պարզել է, որ այն երեխաները, որոնք շուն են պահում ավելի քիչ հավանական է, որ ավելորդ քաշ ձեռք բերեն: Բացի այդ, շների հետ կանոնավոր կերպով զբոսնելը նույնպես շատ օգտակար է: Մեկ այլ հետազոտության արդյունքներով՝ այն երեխաները որոնք ունեն տնային կենդանիներ, ինչպիսիք են, օրինակ, ոսկե ձկնիկները, դաշտամկները կամ շները, ավելի հեշտ են լուծում կենսաբանական խնդիրները:
Բացի այդ, հայտնի են դեպքեր, երբ տնային կենդանիները փրկել են երեխաներին հրդեհներից կամ այլ վտանգներից։