Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում առանձնազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը կարևորել են ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններով Հայաստանի ու Արցախի փոխգործակցության խորացումը:
Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացմանը, Հայաստանի և Արցախի ռազմական փոխգործակցությանը, սահմանագծում տիրող իրավիճակին, երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը և այս ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նոյեմբերի 4-ին Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Արցախի արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ՝ ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և սահմանագծում առկա օպերատիվ իրավիճակին:
«Պետք է արձանագրենք, որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն, և ըստ էության, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ պայմանավորվածությունները ոչ ամբողջությամբ պահպանվում են:
Ամեն դեպքում պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Խնդիրներ կան, որոնք թվում է, թե լուծված են, բայց մենք զինվորից պետք է իմանանք՝ դրանք լուծվա՞ծ են, թե՞ ոչ: Եթե խնդիրները բաց չքննարկենք, լուծումների հարցում կդժվարանանք», – նշել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Արցախի նախագահը զրուցել են զինծառայողների հետ՝ լսել հրամանատարների և շարքային կազմի կարծիքը տարբեր հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ ամեն ինչ արվելու է նախ և առաջ զինվորների հարմարավետության համար:
«Ակտիվորեն քննարկում ենք սննդի ապահովման հետ կապված խնդիրները և հույս ունենք, որ այն մեխանիզմները, որոնք առաջարկվում են, կիրականացնենք պիլոտային ծրագրի միջոցով՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք արդյունավետ: Պարզ է, որ գործող համակարգը ոչ ոքի չի գոհացնում՝ ո՛չ հրամանատարական կազմին, ո՛չ զինվորներին, ո՛չ ծնողներին: Նաև կենցաղային հարցերի լուծման գործում հրամանատարության ներգրավվածությունը նրանց անպատեհորեն շեղում է զուտ մարտական պատրաստվածության խնդիրների լուծումից, և մենք խնդիր ունենք, որպեսզի զինվորականությունը զբաղվի բացառապես զինվորական գործով, իսկ կենցաղային ապահովման հարցերում այդքան շատ ժամանակ և էներգիա չծախսի», – նշել է Նիկոլ Փաշինյանը: