Քննարկվեցին Սյունիքի 16 համայնքների ականազերծման հարցերը
Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը անցկացրել են խորհրդակցություն “Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն” ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքի իրականացման նպատակով ԱՄՆ Պետդեպարտամենտի տրամադրած դոնորական աջակցությամբ “ՀԱԼՕ Թրաստ” միջազգային կազմակարպության եւ ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի կողմից ՀՀ Սյունիքի մարզի 4 համայնքների հաստատված ականավտանգ 16 տարածքների ականազերծման աշխատանքների կազմակերպչական եւ վերջնական համաձայնեցման հարցերի առնչությամբ:
Հումանիտար ականազերծման աշխատանքների նախապատրաստական փուլը շարունակվել է մի քանի ամիս եւ ս.թ. ապրիլի 15-ից նախատեսվում է սկսել տեխնիկական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները: Մինչեւ աշխատանքների մեկնարկը ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի սակրավորները “ՀԱԼՕ Թրաստ” միջազգային կազմակարպության մասնագետների հետ կանցնեն գործողությունների ստանդարտ ընթացակարգերի ծանոթացման եւ համատեղ ներգրավման դասընթաց:
Հումանիտար ականազերծման միջազգային տեխնիկական-տեսչական խորհրդատվությունն իրականացնելու են Շվեյցարիայի ականազերծման միության մասնագետները, իսկ որակի կառավարումն ու վերահսկումը, ինչպես նաեւ աշխատանքների վերջնական արդյունքի ընդունումը` “Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն” ՊՈԱԿ-ը:
Ծրագրի այս փուլը կտեւի մեկ տարուց ավելի, հետագայում շարունակություն ստանալու հեռանկարով: