Բերանաբա՞ն, թե՞ …
ՀՀ գլխավոր ստոմատոլոգ Լազեր Եսայանը ատամանաբույժների միջազգային օրվա առիթով հյուրընկալվելով “Վիտամին” ակումբում` տեսակետ էր հայտնել, որ ինքը համաձայն չէ, որ ստոմատոլոգ բառը թարգմանում են ատամնաբույժ: “Ատամնաբույժները սահմանափակ ունակությունների տեր մասնագետներն են, ովքեր ունեն միջին մասնագիտական կրթություն: Մեր լեզվաբանները ստոմատոլոգը թարգմանել են բերանաբան, որին ես դեմ եմ”,-ասել էր նա:
Սա, դժգոհություն էր առաջացրել ատամնաբույժների մոտ: Ոմանք նույնիսկ վիրավորվել էին, որ գլխավոր “բերանաբանը չի ընդունում ատամնաբույժ բառը”:
Henaran.am-ը փորձեց լեզվաբաններից հետաքրքվել` որն է կիրառելի հայերենում` բերանաբան, ատամնաբույժ, թե ստոմատոլոգ:
“Սկզբունքորեն ատամնաբույժը լրիվ բավարարում է գաղափարը արտահայտելու համար: Այն, որ ասում են, թե ստոմատոլոգը միայն ատամները չի բուժում, բերանն էլ է բուժում` անհեթեթ պատճառաբանություն է: Այնքան բառեր ունենք, որ նախնական իմաստը ընդլայնել են ու ավելի մեծ հասկացություններ են արտահայտում, քան` ի սկզբանե` բանալիից սկսած վերելակով վերջացրած: Բերանաբույժ տարբերակն եմ հանդիպել, սակայն իմ կարծիքով պիտի մնա ատամնաբույժ”,-Henaran.am-ի զրույցում ասաց գրող-թարգմանիչ, գրքերի հեղինակ Վաչագան Սարգսյանը: