Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Հայցադիմումը դատարան մտագրվել է սեպտեմբերի 17-ին:
Նախկին նախագահը Փաշինյանի դեմ Երեւանի ընդհանուր իրավասության դատարան հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին հայց է ներկայացրել:
Թե վարչապետի արած ո՞ր արտահայտության համար է Քոչարյանը դիմել դատարան հայտնի չէ։ Սակայն դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը Hetq.am-ին ասել է, որ հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին:
Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ, որը վերաբերել է երկրորդ նախագահին: Խոսքը, մասնավորապես, վարչապետի հետեւյալ հայտարարության մասին է. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն` կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: