24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երբ դուք Հայաստանի վարչապետ դառնաք, նոր կարող եք …

Սեպտեմբերի 21-ին ժամը 13։00, ինչպես և նախորդ մի քանի օրերին, ես կանգնեցի ՀՀ կառավարության շենքի մուտքի դիմաց, ձեռքումս պաստառ՝ «Հայոց մայրե՛ր, դուք կո՞ղմ եք, որ ձեր զինվոր որդիներին ուղարկեն Սիրիա։ Ինչու՞ եք լռում»։ Օրը տոնական էր, հրապարակում երեխաները գունավոր կավիճներով Արարատ և եռագույն դրոշ էին նկարում,
բեմահարթակից ռուսական երգեր էին հնչում՝ ամեն ինչ ինչպես միշտ։

Քառորդ ժամ անց շենքի դռնից դուրս եկավ մի ժպտերես պատկառելի երիտասարդ կապույտ կոստյումով ու փողկապով և մոտեցավ ինձ։ Ժամեր անց ներկայացնում եմ ստորև մեր զրույցն ինչպես որ տպավորվեց իմ մասնագիտական հիշողության մեջ, թեև մեր շուրջը հավաքվել էին մեկ տասնյակից ավել մարդիկ որոնք կարող են ուղղել ինձ, եթե որևէ բան մոռացա։

– Բարև Ձեզ, պարոն Խզմալյան։
– Ողջույն։ Կներեք, չճանաչեցի, ու՞մ հետ պատիվ ունեմ խոսելու։ 
– Պարզապես քաղաքացի եմ։ (Նրա ժպիտն էլ ավելի լայնացավ) – Այս ի՞նչ է գրված, ո՞վ է Ձեզ ասել, որ մենք Սիրիա զինվորներ ենք ուղարկում։ 
– Վարչապետն է ասել…
– Ես Արման Եղոյանն եմ, վարչապետի մամուլի քարտուղարը։ Մենք նման բան չեինք կարող ասել, քանի որ նման բան չկա։ Սիրիա գնում են ոչ թե զինվորներն, այլ սակրավորներն ու բժիշկները։
– Կներեք, որ չճանաչեցի Ձեզ, պարոն Եղոյան, բայց սակրավորները և ռազմական բժիշկները զինվորականներ են և ներկայացնում են հայոց բանակը, ուստի…
– Ոչ, պարոն Խզմալյան, նրանք զինծառայող են, այլ ոչ թե զինվոր։
– Այսինքն։ Գեներալն էլ է իրեն զինվոր համարում, նրանք հենց զինվորներ են, եթե զինծառայող են։
– Դուք խեղաթյուրում եք և մարդկանց թյուրիմացության մեջ եք գցում, պարոն Խզմալյան։
– Ինչպե՞ս թե…
– Եթե համբերություն ունենաք ինձ լսելու և պարզ տրամաբանություն հանդես բերեք, ապա կհասկանաք, որ ամեն մի զինվորը զինծառայող է, բայց ոչ ամեն զինծառայողն է զինվոր։
– Սա բառախաղ է, պարոն մամուլի քարտուղար։ Դուք ինձ տրամաբանության դասեր եք տալիս, բայց այնտեղ, որտեղ Դուք սովորել եք, ես դասավանդել եմ։
– Դուք ի՞նչ գիտեք, թե ես որտեղ եմ սովորել։
– Որտեղ էլ որ սովորել եք, պետք է գիտակցեք, որ անգամ եթե հայոց բանակի նվագախումբը ուղարկվի Սիրիա, այն ներկայացնելու է հենց հայոց բանակը և ներկայացվելու է թշնամու կողմից իբրև հայոց բանակի ներկայություն Սիրիայում՝ ընդդեմ ողջ քաղաքակիրթ աշխարհի, նաև ընդդեմ իսլամական մեծամասնությանը։ Սա վտանգում է մեր ազգային և պետական շահերը, սա ողջ աշխարհի հայությանը դարձնում է իսլամական ծայրահեղականների ահաբեկչության թիրախ։ 
– Երբ որ Դուք Հայաստանի վարչապետ դառնաք, այդ ժամանակ էլ… 
– Մի րոպե, այդ ի՞նչ եք ասում, ես այստեղ որպես քաղաքացի եմ եկել և կարծիքս եմ հայտնում։
– Դուք սխալ տեղեկություններ եք տարածում, համոզում եք մարդկանց, որ մենք զինվորներ ենք ուղարկում Սիրիա։ Այ երբ դուք Հայաստանի վարչապետ դառնաք, նոր կարող եք…
– Կրկնում եմ, ես այստեղ ոչ թե վարչապետ դառնալու համար եմ եկել, այլ վարչապետին հորդորելու, որ նման բան չանի առանց հանրային քննարկման, առանց հանրաքվեի։
– Պարոն Խզմալյան, գոյություն ունեն որոշումներ ընդունելու ձևաչափեր և դրանց հերթականությունը։ Եթե մենք սկսենք քննարկել այս ծառն այստեղ տնկելու կամ կտրելու, կամ էլ ինչ գույնով այն նստարանը ներկելու հարցերը, մենք երբեք ոչ մի հարց չենք լուծելու, ոչ մի որոշում չենք ընդունելու։
– Դուք համեմատում եք ծառ տնկելու հարցը Սիրիա զինծառայողներ ուղարկելու հե՞տ։
– Տեսնում եք, կրկին խեղաթյուրում եք, պարոն Խզմալյան, ես նման բան չեմ ասել։ 
– Բայց դուք հենց նոր…
– Եթե Դուք անընդհատ չմիջամտեք և թույլ տաք խոսքս ավարտեմ, ապա կհասկանաք, որ ասածս վերաբերվում է ոչ թե Սիրիա զինծառայող ուղարկելուն, այլ որոշումներ կայացնելու կարգին։
– Իսկ ես կրկնում եմ, որ նման կարևորության որոշումները չեն կարող ընդունվել առանց լայն քննարման, առանց մասնագիտական վերլուծության, առանց հասարակական երկխոսության…
– Բայց ես իջա Ձեզ մոտ և մենք հենց Ձեր ուզած երկխոսություն ենք հիմա անում։
– Ոչ, իմ ուզած երկխոսությունը նման մասնավոր զրույցը չէ։ 
Հեղափոխությունն արվել էր նաև, որպեսզի նման ազգային հարցերը մեկ-երկու հոգով չլուծվեն։ Սա նույնն է և ոչ պակաս վտանգավոր, քան 2013 թ. սեպտեմբերի 3-ի խայտառակ որոշումն էր ԵՄ փոխարեն ԵԱՏՄ մտնել, որ Սերժն ու Պուծինն են մեր տեղն ընդունել։
– Պարոն Խզմալյան, չէ՞ որ ես իջել եմ ու խոսում եմ հիմա Ձեզ հետ։ Այդ ո՞ր մի վարչապետի օրոք կիջնեին ու կխոսեին այսպես…
– Այ քեզ բան… Ուզում եք ասել, Դուք ինձ մեծ պատի՞վ եք դրանով արել։ Բայց չէ՞ որ հենց դա է կառավարության պարտականությունը՝ Դուք Ձեր գործողությունների համար հաշվետվություն պետք է տաք մեզ, Ձեր ընտրողներին, և ոչ թե մասնավոր զրույցում, այլ մասնագիտական քննարկումներում, հանրային լսումներում։ 
– Ի՞նչ գիտեք, որ մասնագիտական քննարկումներ չեն եղել։
– Ինձ և մնացած հանրությանը այդ մասին ոչինչ հայտնի չէ։
– Այդ պատճառով էլ ասում եմ, եթե Դուք ընտրվեիք վարչապետ, որոշման իրավունք կունենայիք։ Բայց հիմա, եթե ընտրել եք պարոն Փաշինյանին, վստահեք նրան։ Իսկ Դուք այս տոնական օրը այստեղ փորձում եք խեղաթյուրել պարզ բաներ…
– Մենք շատ տարբեր ենք հասկանում արմատական ու կարևորագույն բաները, պարոն Եղոյան։ Սա մենք արդեն լսել ենք՝ «եկել ես մեր տոնը խանգարես…» Հեղափոխությունը արվում է հանուն ազատության և անկախության, իսկ նման որոշումները վկայում են, որ մենք անկախ չենք, եթե զորախումբ ենք ուղարկում Սիրիա միայն Պուծինին հաճոյանալու համար։
– Սխալվում եք, մենք այնտեղ լինելու ենք մեր ազգային դրոշով։
– Ավելի վատ։ Դա վտանգի է ենթարկում ողջ աշխարհասփյուռ հայությանը և խայտառակում է մեր երկիրը։
– Դուք չեք ուզում լսել տրամաբանական բացատրություններ, պարոն Խզմալյան, եկել եք միայն խոսելու համար և միայն ինքներդ Ձեզ եք լսում։ Պատկերացնում եմ, թե ինչպես եք ներկայացնելու մեր այս խոսակցությունը Ձեր հերթական ստատուսում։
– Այնպես, ինչպես միշտ, պարոն Եղոյան։ Ճշմարիտ։

– Հ.Գ. Եթե չեմ սխալվում, պարոն Արման Եղոյանն ավարտել է ԵՊՀ իրավաբանական բաժինը, որտեղ ես իսկապես դասավանդել էի ժամանակին, 1988-1990 թթ.: Իմ լավագույն ուսանողն ու ընկերն էր այդ բաժնում Վարդան Ստեփանյանը, ով հանրությանը հայտնի է իբրև Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդան։

Տիգրան Խզմալյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ