Սյունիքի մարզպետն առաջարկեց ակտիվացնել սյունեցի եւ չեխ գործարարների համագործակցությունը /ֆոտո/
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային:
Մարզպետը շնորհավորեց դիվանագետին` այցի կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ` վստահություն հայտնելով, որ դեսպանն իր ներդրումը կունենա երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաեւ Սյունիքի մարզի զարգացման գործում:
Զրուցակիցներն անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: Երկուստեք դրական գնահատվեց Հայաստանի եւ Չեխիայի տարբեր քաղաքների, մարզերի ու նահանգների միջեւ գործընկերային կապերի հաստատման գործընթացը:
Մարզպետ Վ. Հակոբյանը դեսպանին ներկայացրեց մարզի ներդրումային պատկերը եւ հանդես եկավ առաջարկությամբ Սյունիքի մարզի եւ չեխ գործարարների փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ:
Վ. Հակոբյանը հատկապես անդրադարձավ ապակենտրոնացված մակարդակով գործակցության զարգացման հեռանկարներին: Մարզպետը հույս հայտնեց, որ հետագայում սկիզբ կդրվի Սյունիքի եւ Չեխիայի Հանրապետության մարզերի ու քաղաքների միջեւ գործակցությանը:
Կողմերը քննարկեցին նաեւ ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները` արձանագրելով, որ առկա է նման ձեւաչափով գործընկերային կապերի զարգացման ներուժ:
Դեսպանը պատրաստակամություն հայտնեց աջակցել երկկողմ շփումների խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:
Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Սյունիքի մարզպետարանի կայք-էջից: