Ռազմական ոստիկանության պետը ուսանողներին ծեծի՞ է ենթարկել
Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, մարտի 15-ին Կապանի “Արարատ” ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ ՊՆ Գորիսի կայազորի ոստիկանության պետ, փոխգնդապետ Հարություն Բաղդասարյանի եւ բժշկական քոլեջի ուսանողների միջեւ:
Վերջիններիս երեկույթին փորձել է խառնվել փոխգնդապետը, ով ոչ սթափ վիճակում մտել է ռեստորան ու հայհոյել: Ուսանողները տեսնելով որ չեն կարողանում սաստել, հարվածել են վերջինիս:
Ռազմական ոստիկանության պետը չէր կարող ծեծը կուլ տալ. ուսանողներին բերման են ենթարկել ռազմական ոստիկանություն, որտեղ երիտասարդների հանդեպ ուժ է կիրառվել:
Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լսելով միջադեպի մասին`զարմացավ:
“Ես միայն կարող եմ առաջարկել, որ տուժողները դիմեն իրավապահներին: Իրավական պետություն ենք, եթե իրականում եղել է նման բան, մեղավորը կպատժվի”,-ասաց Հովհաննիսյանը:
Henaran.am-ը երկու օր փորձում է կապ հաստատել Բաղդասարյանի հետ: Անգամ կայազորի հերթապահին տեղեկացրել ենք մեր “որոնման” նպատակը: Սակայն այդպես էլ փոխգնդապետը չզանգահարեց խմբագրություն: Այսօր էլ ասացին, որ նա քաղաքից բացակայում է:
Խմբագրությունը պատրաստ է ներկայացնելու նաեւ Հարություն Բաղդասարյանի տեսակետը: