23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

Ինչպես հայտնի է, այսօր, սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որը ներկայացնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցները` “Մարտի 1-ի” գործին վերաբերող հարցերի, մասնավորա­պես` ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ: Այս զրույցների մանրամասները հայտնի են բոլորին և կարիք չկա վերաշարադրել դրանք:

Հեռախոսազրույցների բովանդակությունը գալիս է փաստելու մի քանի կարևոր հանգամանք, որի մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք: Դրանք են.

  1. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում, որն ուղղորդվում է անմիջականորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը սրանում կասկածի տեղ չի թողնում:
  2. Դատելով ձայնագրությունից, ի սկզբանե խնդիր է դրվել ոչ թե բացահայտել “Մարտի 1-ի” գործը և գտնել մեղավորներին, այլ պարզապես կալանավորել /զրուցակիցների բառապաշարով` “փակել”/ նախագահ Քոչարյանին, ինչը քաղաքական վենդետայի դասական օրինակ է:
  3. Առաջին ատյանի դատավորը, որը կալանքի որոշում է կայացրել, գտնվել է իշխանական բիրտ ճնշման ներքո և իրեն վերևից թելադրված “դուխով” ապօրինի որոշում է կայացրել:
  4. ՀՀ երկրորդ նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցն ընտրվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ. նախ` ՀՔԾ պետն է համաձայնեցրել /կալանք/, իսկ այնուհետ` ԱԱԾ պետը /գրավ/:

Կատարվածը հանցագործություն է` բարձարաստիճան պաշտոնյաների մասնակ­ցու­­թյամբ: Հեռախոսազրույցների հրապարակմանը հետևած ՀՀ վարչապետի, ինչպես նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հայտնի ասուլիսում արված հայտարարություն­ները, մեծապես ոչ այլ ինչ են, քան անհաջող արդարացումներ: Հեռախոսազրույցների խայտառակ բովանդակու­թյու­նը մեկնաբանությունների կարիք չունի, ու զրույցներն այն մասին, թե “չար ուժերը” փորձում են նման ձայնագրություններ տարածելով խոչընդոտել “բարի ուժերի” հերոսական պայքարը կոռուպցիայի և հանցավորու­թյան դեմ, տվյալ համատեքստում պարզապես զավեշտալի են: Կարևոր է ընդգծել, որ այս հեռախոսազրույցները բացահայտում են ոչ միայն ինչ-որ մի կոնկրետ գործին առնչվող դրվագ, այլև գործող ռեժիմի բուն էությունը, օրվա իշխանության իրական դեմքը: Մարդիկ, որոնք առավոտից երեկո գոռում-գոչում են սիրո և հանդուրժողա­կանության ու արդարադատության մեջ չմիջամտելու մասին, անում են ճիշտ հակառակը` մոլորեցնելով ու խաբելով հասարակությանը: Մարդիկ, որոնք առավո­տից երեկո խոսում են ժողովրդավարու­թյան մասին ամենակոպիտ ձևով ճնշում են ժողովրդավարական ազատություններն ու մարդու իրավունքները:

Հարկ ենք համարում ընդգծել նաև հետևյալը: Վարչապետի, ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ելույթներից պարզ է դառնում. տեսնելով, որ շինծու գործի միջոցով հնարավոր չէ կալանվորել և հետապնդման ենթարկել նախագահ Քոչարյանին` հեռացնելով նրան քաղաքական դաշտից, ինչպես նաև համոզվելով, որ ապօրինի հարստացման և առասպելական ունեցվածքի մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, իշխանությունները նոր միջոցի են դիմում` հայտարարելով, թե Քոչարյանների ընտանիքը փողերի լվացմամբ է զբաղվել: Թե ինչ արժեն այս հայտարարությունները, որ արված են հայտնի հեռախոսազրույցների մասնակիցների կողմից` առաջարկում ենք որոշի հանրությունը: Սակայն ակնհայտ է, որ Նախագահ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումները շարունակվում են և նոր շրջան են մտնում:

Մենք կոչ ենք անում բոլոր մեր հայրենակիցներին ու բարեկամներին սթափ կեր­պով գնահատել ստեղծված իրավիճակը, իշխանությունների գործելակերպը, պատռել քարոզչա­կան շղարշը և թույլ չտալ, որպեսզի Հայաստանը ժողովրդավարական երկրից վերած­վի ամբոխավարական ձախողված պետության, որը կառավարվում է դիլետանտների կողմից` բոլշևիզմի սկզբունքներով և ուր խրախուսվում են քաղաքա­կան ռեպրեսիա­ները:

 

11 սեպտեմբերի 2018թ.

ք. Երևան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ