Կլինե՞ն ավագանու ընտրություններն ազատ, արդար. Փոստանջյանը վստահ չէ
«Երկիր ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությանը մասնակցում է «Արդարություն և օրենք» կախգախոսով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց կուսակցապետ Զարուհի Փոստանջյանը:
Ըստ Փոստանջյանի՝ իրենք կարևորումեն երկու սկզբունք՝ արդարություն և իրավունքի գերակայություն։ Այդ սկզբունքների հարգմամբ էլ իրենք մտադիր են ստանձնել Երևանի կառավարումն ու ծառայել երևանցիներին։
Փոստանջյանը կարևորեց քաղաքի բաց, թափանցիկ ղեկավարումը։ Խոսքը վերաբերում է հատկապես գնումների գործընթացին,Երևանի բյուջեի մուտքերին ու ելքերին։
Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ Երևանի 170 մլն դոլարանոց բյուջեի մեծ մասը ոչ թե նպատակային է ծախսվում, այլ՝ յուրացվում է։ Իբրև ապացույց նշվեց «Երևան» հիմնադրամի հետ կապված քրեական գործը։
Կլինե՞ն ավագանու ընտրություններն ազատ, արդար։ Տիկին Փոստանջյանը նշեց,որ արդեն իսկ եղել նախընտրական խախտումներ։ Դրանք կվերաճե՞ն, թե՞ ոչ այնպիսի խախտումների, որ ազդեն արդյունքների վրա, ցույց կտա ընտրության օրը։ Զարուհի Փոստանջյանը նախորդ ընտրությունների հետ համեմատած նահանջ է համարում այն, որ ընտրական տեղամասերում չեն լինելու տեսախցիկներ։
Փոստանջյանը նշեց, որ երևանցին ճանաչում է ավագանու տեղերի բոլոր հավակնորդներին, տեսել է շատերին թե՛ իշխանության մեջ, թե՛ ընդդիմադիրի կարգավիճակում և եզրակացրեց՝ հանրության հասունությունից է կախված, թե ինչ պատկեր կունենանք ավագանիում։