Ադրբեջանը արհամարհում է համանախագահող երկրներին. ՀՀ ԱԳՆ
ՀԱՊԿ գործընկերներն իրազեկված են նախիջևանյան ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների մասին: Այս մասին հուլիսի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Այս հարցը բարձրացնում ենք ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների, այնպես էլ մեր մյուս գործընկերների և կազմակերպությունների առջև: Կարծում եմ՝ համանախագահներն այնտեղ լուրջ անելիք ունեն, որովհետև չլսելով նրանց հորդորներին և չկատարելով իր ստանձնած պարտավորությունները՝ առաջին հերթին Ադրբեջանը արհամարհում է համանախագահող երկրներին»,- ասաց նա:
Ի պատասխան նախիջևանյան ուղղությամբ ՀԱՊԿ ուժերի տեղակայման հնարավորության մասին հարցին՝ Տիգրան Բալայանը նշեց, թե չի կարծում Հայաստանի ԶՈՒ-ն իրավիճակի վերահսկողության համար դրսից օժանդակության կարիք ունի:
«Այդ սահմանին այլ երկրների զորամիավորումներ տեղակայելու կարիք չկա. այդ պարտականության կատարումը մեր զինված ուժերի վրա է, և մենք արդյունավետ ու վստահ իրականացնում ենք դա»,- ասաց Բալայանը:
Հիշեցնենք, նախօրեին Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է Նախիջեւանի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի կրակի հետեւանքով կործանվել եւ ամբողջությամբ այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: