26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանն ու Արցախը սկսել են. կյանքի գիծը. Ժամանակ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի մասնակցելու 2020 թվականի Արցախի նախագահի ընտրությանը: Այդպիսով Բակո Սահակյանը որոշակի գիծ է քաշում ոչ միայն արցախյան վերջին օրերի հայտնի զարգացումների գործընթացում, այլ ըստ էության՝ նաև տալիս է նոր գործընթացի մեկնարկ՝ նախագահական ընտրությունների դե ֆակտո նախընտրական գործընթացի: Միևնույն ժամանակ, սրանով նաև յուրօրինակ ամբողջացում է ստանում հայաստանյան թավշյա հեղափոխությունը, որը կարծես թե գերթավշյա ընթացքով հասավ և արտահայտվեց Արցախում՝ բերելով հետաքրքիր վերափոխումների:

Խոսքն ուղղակի շարունակության մասին չէ, այլ ըստ էության՝ տրամաբանական շարունակության, քանի որ Հայաստանում հեղափոխությունն ու իշխանափոխությունը չէին կարող որևէ կերպ չարտացոլվել Արցախի իրավիճակի վրա, և ընդ որում՝ այդ իրավիճակում ոչ թե տագնապ, այլ նոր հնարավորություններ բացելով:

Այս տեսանկյունից, Արցախի Հանրապետության իշխանությունը գոնե առայժմ գտնվեց նվազագույն համարժեքության տիրույթում՝ գնալով իսկապես սպասված ներքին փոփոխությունների և օգտագործելով հասարակական դժգոհության առիթը, չասելով, թե դժգոհ քաղաքացիների, ցուցարարների թիվը մեծ չէ:

Ադրբեջանի շարունակվող ռազմատենչությանը Հայաստանն ու Արցախը, փաստորեն, պատասխանում են որակական փոփոխությունների և իշխանափոխության ալիքով, որը, փաստորեն, ունենալու է շարունակություն առնվազն մինչև 2020 թվականը: Այլ կերպ ասած՝ Հայաստանն ու Արցախը այդպիսով ազդարարում են տևական ներքաղաքական վերափոխումների գործընթաց՝ Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական, Արցախում սպասվող հերթական նախագահական ընտրությունների տեսքով:

Հատկանշական է, որ Բակո Սահակյանի հայտարարությունը հնչում է տարածաշրջան Մինսկի խմբի համանախագահների այցի շեմին, որոնք, փաստորեն, ծանոթանալու են Հայաստանի նոր ռազմաքաղաքական ղեկավարությանը: Միաժամանակ, տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի երկրորդ հանդիպումը Պուտինին, որից առաջ Փաշինյանը հայտարարել է հայ-ռուսական հարաբերության նոր շրջափուլի մասին՝ ընդունելով Հայաստանում ՌԴ նոր դեսպանին:

Ըստ էության՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները փաստացի իրականացնում են ուշագրավ տրանսֆորմացիոն գործընթաց՝ կա՛մ համաձայնեցված, կա՛մ պարզապես հանգամանքների բերումով, և դա մի գործընթաց է, որը կարող է նշանակել կամ պարունակել ոչ միայն անցում մի իշխանությունից մյուսը, կամ իշխանության մեկից մյուսին անցում, այլ նաև անցում արցախյան կարգավորման մի ռազմավարությունից մեկ այլ, նոր և անվտանգության ներկայիս հրամայականներին ավելի համարժեք ռազմավարության, որում չկա Մադրիդյան սկզբունքների ծուղակը:

Համենայնդեպս, սա սկզբունքային հարց է ոչ միայն հայկական որևէ իշխանության համար՝ լինի այն Արցախում, թե Հայաստանում, այլ հայկական պետականության կամ պետությունների համար ընդհանրապես: Դա այդ պետությունների կյանքի գիծն է, որը պահանջում է ամրացում, ոչ թե բանակցություն դրա կարճացման շուրջ: Իսկ Մադրիդյան սկզբունքների տրամաբանությամբ բանակցությունը, ինչպես ցույց է տվել ապրիլյան քառօրյան, ըստ էության՝ բանակցություն է հայկական պետությունների և պետականության կյանքի գիծը կարճացնելու շուրջ:

Հայաստանում և Արցախում նոր իշխանության հանգամանքը էական կարող է լինել հենց կյանքի գծի վերաբերյալ մոտեցումներով, քանի որ միայն ներքին որակական փոփոխությունները բավականին քիչ են պետական անվտանգության հարցերում ամրության համար: Ավելին՝ ներքին այդ փոփոխությունները չեն կարող պահպանվել, եթե չի պահպանվում հայկական պետականության կյանքի գիծը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ