Արման Խաչատրյանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի հանդիսատեսի դատին
Ժողովրդական երգիչ Արման Խաչատրյանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի հանդիսատեսի դատին:
Այս մասին երգիչը նշեց Henaran.am-ի հետ զրույցում։
«Տեսահոլովակը նկարահանվել է «Լույսն ես իմ» երգի հիման վրա։ Երգի հեղինակը Տիգրան Մելքոնյանն է, գործիքավորողը՝ Գևորգ Հովհաննիսյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է։ Ընդգծեմ, որ գլխավոր դերակատարուհին դերասանուհի, երգչուհի Անուշ Ավագյանն է։ Երգը սիրո պատմություն է, իսկ մնացած փակագծերն այս պահին չեմ ուզում բացել․ թո՛ղ անակնկալ լինի իմ հանդիսատեսի համար։ Հունիսի սկզբին տեսահոլովակը կներկայացնեմ հանդիսատեսի դատին», – նշեց Արման Խաչատրյանը։
Հարցին՝ քանի որ սա Ձեր առաջին տեսահոլովակն էր, ինչո՞ւ որոշեցիք հենց այս երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել, երգիչը պատասխանեց․ «Այս երգն ինձ համար շատ հոգեհարազատ դարձավ, ուստի որոշեցի, որ հենց դրա հիման վրա էլ պետք է նկարահանվի իմ առաջին տեսահոլովակը:
Նկարահանման աշխատանքներն անցել են հետաքրքիր ու ջերմ մթնոլորտում․ հուսով եմ՝ հանդիսատեսին դուր կգա մեր նոր աշխատանքը»։