Աթեիստին
«Անզգամն ասաց իր սրտում, թե՝ չկա Աստված»,- այս տողով է սկսվում Դավթի սաղմոներից 13-րդը։ Վերջերս այս անզգամությունը մի տեսակ սովետական գաղափարախոսության բուրմունքով և ամենագետության թվացյալ շղարշով ինձ հաճախ է հանդիպում։ Միշտ ուրախ եմ լինում, եթե առողջ ու կառուցոական դիսկուս է լինում հանուն ճշմարիտի բացահայտման, բայց… Ավա՜ղ, թող ներեն ինձ անաստվածները, անզգամությունը ավելին է լինում, քան ճշմարտության ծարավը։ Այդ իսկ պատճառով որոշեցի ազատ թարգմանությամբ ներկայացնել 20-րդ դարի հայտնի կրոնափիլիսոփաներից Իվան Իլյինի բոցաշունչ և սուր ակնարկն այս թեմատիկայով՝ դարձյալ ու դարձյալ մեկնաբանություններում ակնկալելով կառուցողական մտքեր ու մոտեցումներ։ Անզգամ մեկնաբանությունները, բնականաբար, պիտի արժանանան համապատասխան վերաբերմունքի։
«Եթե ձեր Աստվածը գոյություն ունի, ցո՛յց տվեք մեզ Նրան։ Որտե՞ղ է Նա, որտե՞ղ է ապրում, որտե՞ղ է տեղը Նրա։ Ոչ մի տեղ։ Ոչ մի մանրադիտակ չի հայտնաբերել Նրան, ոչ մի աստղադիտակից Նրան չես տեսնի։ Ուրեմն ավելի լավ չէ՞ դադարեցնել Նրա մասին մտահանգումները»։
Նման հարցումներին անպայմանորեն արժե պատասխան տալ, հասարակ, պարզ, գիտական և ճիշտ պատասխան. երկար ժամանակ է, ինչ դանդաղում ենք այդ հարցում։
Որտե՞ղ է մեր Աստվածը… Եթե այդ «որտեղն» ասելիս ենթադրենք որոշակի տեղ տարածության մեջ, ապա Նա չի գտնվում և ոչ մի տեղ։
Բայց դուք, պարոնա՛յք աստվածամերժներ, պարտավոր եք, այնուամենայնիվ, խոստովանել, որ գոյություն ունեն իրողություններ, որոնցով զբաղվում է գիտությունը, սակայն տարածական առումով այդ իրողությունները գոյություն չունեն։ Դրանք առարկաներ են առանց «որտեղի», առանց տեղանքի, առանց կեցության վայրի։
Սրանց պարագայում անիմաստ են դառնում մանրադիտակն ու աստղադիտակը, ատոմային կշիռն ու քիմիական բանաձևը, սակայն, միևնույն ժամանակ, սրանցով զբաղվում են հսկայական գիտական ֆակուլտետներ։ Հապա փորձե՛ք, տիա՛րք, ձեր այդ «որտեղով» դիմել իրավաբանին՝ ասենք առաջարկելով մանրադիտակով ուսումնասիրել առևտուրը, վարկը, ընտրության իրավունքը, կամ խնդրեք մաթեմատիկոսին պատասխանել, թե տարածության մեջ որտե՛ղ է գտնվում տարբերիչը կամ զուտ արժեքը։ Դիմե՛ք հոգեբաններին և հարցրեք հոգու տեսակարար կշռի մասին, չարչարեք տրամաբանության տեսության մասնագետին հարցով, թե կարող է արդյոք նա աստղադիտակի օգնությամբ դիտել հասկացությունը։ Ձեզ այս հարցադրումները ամոթով պիտի թողնեն, իսկ մյուսներին կթվան անիմաստություն. դադարեցրեք «որտեղի» մասին ձեր զազրախոսությունները։
Հիմա հարցնում եք, թե արդյոք Աստծո ճանաչումը սկիզբ չի առնում որոշակի փորձառության արդյունքում և արդյոք այդ փորձառությունը հասանելի է բոլորին։
Այո՛, իհարկե նման փորձառություն գոյություն ունի, և այն պետք է անընդհատ խնամել ու բարելավել։ Այդ իսկ պատճառով էլ այն ոչ բոլորին է հասանելի։ Սա նման է այն բանին, որ գիտության և արվեստի մեջ ինչ-որ բան հասկանալու և գիտակցելու համար ԲՈՒՀ-ի ուսանողը երեք, չորս, հինգ տարի անընդմեջ հոգում և բարելավում է իր փորձառությունը։ Իսկ դուք ուզում եք առանց որևէ բանի դատողություննե՞ր անել Աստծո մասին։ Ո՞վ է հաստատել ձեզ այն մոլար կարծիքի մեջ, թե ամեն ոք դատողության ուժ ունի։ Ո՞վ է ձեզանից ամեն բանի գիտակ։ Ո՞վ է ձեզանից իրեն ամեն տեղ զգում ինչպես տանը։ Կոշկակարն ու դարբինն անգամ ճանաչում և սովորում են, իսկ դուք կցանկանայի՞ք արդյոք հոգու ամենանուրբ ոլորտում շեշտակի փոփոխություն արձանագրել։
Ինչպիսի՞ փորձառություն է այդ։ Ես պետք է ձեզ անմիջապես առաջնորդեմ նախասրահ, որտեղ էլ ստիպված եմ ձեզ լքել, քանի որ այնտեղ մեկնարկում են ինքնուրույն կյանքն ու տեսիլքը, այնտեղ անհրաժեշտ է նվիրել սեփական անձը, լայն բացել սեփական սիրտը, բաց անել հոգու պատուհանը, զգալ, յուրացնել, ըմբռնել, ստեղծագործաբար արարել… Այնտեղ անհրաժեշտ է հոգ տանել հոգու մասին և մաքրել այն։
Այդ փորձառությունը սկիզբ է առնում սիրուց։ Ով սիրելուն չի տիրապետում, ով ատելության քարոզ է տանում, նա դռների հակառակ կողմում է մնում։ Սերը, սակայն, պետք է իրական լինի, ի խորոց սրտի և անկեղծ. այստեղ ջերմագին կեղծավորությունը չի օգնի։ Այս սերը զուգահեռ պիտի լինի որակին, իրական, անխարդախ որակին՝ կատարելությանը, կատարելություն ամեն ինչում՝ բնության մեջ, արվեստում, մարդկային փոխհարաբերությունների, գիտության և հասարակական կառուցվածքի մեջ։ Այնտեղ, որտեղ խաչվում են սերը և որոկը, որտեղ կատարելության հանդեպ սերը վերածվում է բոցի, այնտեղ մեկնարկում է հոգևոր փորձառությունը, այնտեղ մարդը Տիրոջ ճառագման մեջ է, այնտեղ նա իրավունք ունի նախասրահից անցնել ներքին օթևաններ։ Իսկ մեզ չի թույլատրվում բացահայտել մարդու համար այն, ինչ որ նա պետք է վերապրի այնտեղ։
Եթե չեք ուզում այս, պարոնա՛յք, գնացե՛ք ձեր ճանապարհով , միայն թե եղեք ուղղամիտ և դատողություններ մի՛ արեք այնպիսի բաների մասին, որպիսիք ձեր ուժերից վեր են։ Հակառակ դեպքում դարձյալ ամոթով եք մնալու։
Աղբյուրը՝ .sarkavagagirq.net