Ինչ է կատարվում Վանաձորում. ծննդատունն էլ է տուժում
Այսօր նախքան կառավարության նիստը կսկսվեր վարչապետ Տիգրան Սարգսյանը փոխվարչապետ, ՏԿՆ Արմեն Գևորգյանից հետաքրքրվեց, թե ինչ վիճակ է տիրում Վանաձորում, և ինչ է արվում ստեղծված իրավիճակը փոփոխելու ուղղությամբ: Հիշեցնենք, մի քանի օր շարունակ Վանաձորում դադարեցված էր գազամատակարարումը, քաղաքի մի մասը զրկված էր էլեկտրականությունից, ինչի արդյունքում հացը կրկնակի թանկ է վաճառվում:
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ քաղաքում վթարվել է հիմնական գազատարը եւ սպասարկող ընկերությունը բնակչության անվտանգությունն ապահովելու համար գազամատակարարումը դադարեցրել է:
Որպես դրա հետևանք խնդիրներ են սկսել առաջանալ ոչ միայն բազմաբնակարան շենքերում, այլև հիմնարկներում: ՛՛Բավականին բարդ վթար է եղել, երեքշաբթիից մասամբ սկսել է վերականգնվել՛՛,- Արմեն Գևորգյանը նշեց նաև, որ քաղաքի գրեթե ամբողջ բնակչությունն այժմ գազ ունի, իսկ մյուս մասն էլ, հուսով է, այսօր արդեն կունենա:
՛՛Միանգամից բավականին ցուրտ եղանակային պայմաններում բնակչության մասն սկսեց շատ էներգիա սպառել, լարվածության արդյունքում սկսեցին խափանումներ առաջանալ էներգահամակարգում՛՛,-հավելեց փոխվարչապետը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի կրթական, առողջապահական հաստատությունները աշխատանքային նորմալ հունի վերադառնան: Աշխատանքներ են ընթանում նաև Վանաձորի ծննդատանը, կատարվում են որոշ հատվածների վերականգնման աշխատանքներ: