26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես սիրում եմ Ամերիկան, սիրում եմ Հայաստանն ու իմ արմատները»,- ասում է Ջեք Հաջինյանը

Կալիֆոռնիայի Մոնթեբելո քաղաքի խորհրդի անդամ, 2014 թվականին քաղաքապետ ընտրված Ջեք Հաջինյանը պատասխանել է «Ամերիկայ Ձայն»-ի հարցերին Մոնթեբելոյի, իր արմատների ու Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին։

«Էթնիկ բազմազանությունը լավ հնարավորություն է քաղաքի զարգացման համար»,- ասում է Ամերիկայի էթնիկապես ամենաբազմազան քաղաքներից մեկի՝ Մոնթեբելոյի քաղաքային խորհրդի անդամ Ջեք Հաջինյանը:

Կալիֆոռնիա նահանգում գտնվող այս քաղաքը աչքի է ընկնում իր էթնիկական բազմազանությամբ: Ըստ Հաջինյանի՝ այստեղ են ապրում բազմաթիվ էթնիկական խմբեր: Նա ընդգծում է, որ որպես քաղաքային խորհրդի անդամ, ինքը պարտավորություններ ունի ոչ միայն հայերի, այլ քաղաքի բոլոր բնակիչների առջև:

«Մոնթեբելոն էթնիկապես չափազանց բազմազան քաղաք է: Այստեղ են ապրում ԱՄՆ-ում բնակվող մեքսիկացիներ, չինացիներ, ճապոնացիներ, հայեր, իտալացիներ, ռուսներ, հնդիկներ: Կան նաև շատ ֆիլիպինցիներ: Ես չափազանց հպարտ եմ այս փաստով ու նման բազմազանությամբ»,- ասում է Հաջինյանը:

Մոնթեբելոյի մոտ 70 հազար բնակչության շուրջ 11 տոկոսը կազմում են հայազգիներ: Այն հանդիսանում է Կալիֆոռնիայի ամերիկահայ ամենահին համայնքներից մեկը: Իսկ Ջեք Հաջինյանն էլ առաջին ամերիկահայն է, ով 2011 թվականին ընտրվել է Մոնթեբելոյի քաղաքային խորհրդի անդամ:

Նա Մոնթեբելոյի երրորդ սերնդի ներկայացուցիչ է: Նրա պապ Սենեքերիմը Միացյալ Նահանգներ է գաղթել 1949 թվականին: Ցեղասպանություն վերապրած ու Սարդարապատի ճակատամարտի մասնակից Սենեքերիմի ընտանիքը Մոնթեբելո է տեղափոխվել 1957 թվականին: Նրա ժառանգ Ջեք Հաջինյանը 2014 թվականին ատանձնել է Մոնթեբելո քաղաքի ղեկավարումը՝ դառնալով քաղաքապետ:

Քաղաքի տարածքում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենահին հուշարձաններից մեկը՝ կառուցված դեռևս 1968 թվականին: Ամեն ապրիլին քաղաքում տեղի են ունենում Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներ:

«Իրականում ես ապրիլյան միջոցառումները դիտարկում եմ որպես մեր գոյության վկայություն, քանի որ դրանք մատնանշում են, որ թուրքական կառավարության հայերի ոչնչացման ծրագիրը հաջողության չի հասել»,- ասում է Հաջինյանը:

Չնայած զբաղվածության ու խիտ աշխատանքային առօրյային՝ Հաջինյանը մշտապես հետաքրքրված է Հայաստանով: 2001 թվականից ի վեր նա մի քանի անգամ այցելել է Հայաստան:

«2004-2015 թթ միջև ընկած ժամանակահատվածում ես նկատեցի ահռելի փոփոխություններ երկրում, սակայն, ցավոք, այս տարիների ընթացքում չեմ լսել երկրի կառավարման նկատմամբ մարդկանց վերաբերմունքի փոփոխության մասին: Հուսամ ժամանակի ընթացքում այստեղ էլ կլինեն փոփոխություններ»,- ասում է Հաջինյանը:

Նրա կարծիքով ինչպես ամենուրեք, այնպես էլ Հայաստանում, ամենակարևոր սոցիալական խնդիրներից է գործազրկությունը: Այն ըստ նախկին քաղաքապետի, զգալիորեն ազդում է մարդկանց տրամադրություների վրա, սակայն դրա նվազեցման համար անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք, ժամանակ և համբերություն:

«Հույս ունեմ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում գործազրկության նվազեցման ուղղությամբ: Դրա միջոցով կլուծվեն շատ խնդիրներ: Գործազրկությունը մեծ խնդիր է ոչ միայն Հայստանում, բայց նաև ԱՄՆ-ում և ամենուրեք»,- նշում է Հաջինյանը:

Նա ընդգծում է, որ Սփյուռքը կարևոր գործոն է Հայաստանի հետագա զարգացման համար, քանի որ այստեղ կան բազմաթիվ հաջողակ գործիչներ, ովքեր ունեն համապատասխան միջոցներ և հնարավորություն՝ օգնելու Հայաստանին: Որպես սփյուռքահայի, Հաջինյանին մտահոգում է Հայաստանից բնակչության արտահոսքն ու սոցիալ-տնտեսական խնդիրները, սակայն նա գտնում է, որ քննադատությունը ևս պետք է լինի զգուշավոր և չափավոր:

«Իհարկե, յուրաքանչյուր ոք ունի ազատ կարծիք հայտնելու ու քննադատելու իրավունք, սակայն անհրաժեշտ է զգուշորեն ընտրել քննադատական խոսքերն ու նյութը՝ մարդկանց երկրից չվանելու համար»,- ասում է Հաջինյանը :

Հաջինյանը մոտ ժամանակներս պատրաստվում է կրկին այցելել Հայաստան:

«Ես սիրում եմ Ամերիկան, սիրում եմ Հայաստանն ու իմ արմատները»,- եզրափակում է նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ