Համակարգը «կզոհաբերի» Սերժ Սարգսյանին. Ժամանակ
«Ապրիլին վարչապետի խնդրի հանգուցալուծմանն ընդառաջ՝ ներքաղաքական թեմատիկայում հաճախակի շոշափվող հանգամանքներից է ապրիլի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածը, երբ Սերժ Սարգսյանը դե յուրե չի լինելու իշխանության մեջ:
Ավելի ու ավելի հաճախ են հնչում հայտարարություններ, թե պետք է օգտագործել այդ յոթ օրը իշխանափոխություն անելու համար: Դրա մասին, օրինակ, խոսում է Հայաստանի փրկության ճակատը: Նաեւ փորձագիտական դաշտում է հաճախ դիտարկվում այդ հանգամանքը՝ յոթ օր առանց Սերժ Սարգսյանի: Յոթ օրերի շուրջ ստեղծվում է յուրօրինակ մի ճակատագրապաշտական մթնոլորտ, որը թերեւս բացարձակապես արհեստական մթնոլորտ է, ինչը վկայում է Հայաստանում առկա քաղաքական եւ անգամ քաղաքագիտական անհամարժեքության չափազանց խորը աստիճանը:
Յոթ օրը Սերժ Սարգսյանի համար կարող է գուցե լինել ճակատագրական, սակայն ոչ իշխող համակարգի համար: Յոթ օրերի ընթացքում Սերժ Սարգսյանին կարող է հաղթել միայն իշխանությունը, իշխող մեծամասնությունը կամ համակարգը: Իսկ համակարգը Սերժ Սարգսյանին հաղթելու որոշում կկայացնի մի դեպքում, եթե դիտարկի, որ Սարգսյանն այլեւս ունակ չէ ապահովել իր կարիքներն ու երաշխավորել սեփականության անվտանգությունը ու ֆիզիկական անձեռնմխելիությունը, եւ կարիք կա նրան փոխարինելու նոր երաշխավորով: Եթե լինի այդ անհրաժեշտությունը, ապա առանց իշխանության յոթ օրերը Սերժ Սարգսյանի համար կարող են իսկապես լինել մղձավանջային: Բայց դա կնշանակի ոչ թե համակարգի թուլացում, այլ հակառակը՝ համակարգը «կզոհաբերի» Սարգսյանին ավելի ամրանալու համար: Ընդ որում, տվյալ պարագայում «զոհաբերությունն» էլ թերեւս խիստ պայմանական է, քանի որ Սարգսյանին կհեռացնեն երաշխիքներով:
Իհարկե, ինքնին այդ իրավիճակը հետաքրքիր է դիտարկման տեսանկյունից, զուտ որպես ներիշխանական զարգացումների վեկտորի շոշափում, ներիշխանական ստատուս քվոյի հնարավոր տարբերակների համատեքստում: Ներկայումս համակարգը կարծես թե չունի կասկած Սերժ Սարգսյանի արդյունավետության հարցում: Այդ կասկածները Սարգսյան-համակարգ հարաբերությունում ուղեկցվել են պարբերաբար, նախագահության տասնամյակի ընթացքում: Դրանց հիմքում եղել է երկու աղբյուր կամ կասկածի օջախ՝ տնտեսական էֆեկտիվություն, երբ Սարգսյանի տնտեսական քաղաքականությունը հասկանալի չի եղել օլիգարխիայի համար, եւ անվտանգություն, երբ օլիգարխիան կասկածներ է ունեցել, որ Սարգսյանն իր իշխանության արտաքին լեգիտիմության համար կարող է գնալ ներքին ռեֆորմների, որոնք կհարվածեն օլիգարխիայի շահին:
Սերժ Սարգսյանը պարբերաբար հավաստիացրել եւ համոզել է օլիգարխիային, որ այդ վտանգները եւ կասկածներն անտեղի են: Անշուշտ, նա ունի նաեւ առաջիկա ապրիլի եւ հատկապես 7 օրերի համար համոզելու անհրաժեշտություն: Ընդ որում, այդ գործընթացը ամենեւին հանրային տեսանելիության դաշտում չէ: Մյուս կողմից, սակայն, Սերժ Սարգսյանը կարող է գնալ այսպես ասած՝ «բացասման» ճանապարհով եւ պարզապես հրաժարվել օլիգարխիային համոզելու տարբերակից՝ այսպես ասած, «ինքնակամ հրաժարվելով» երաշխավորի պատասխանատվությունից: Առավել եւս, որ դե յուրե նա այդ բանն արել է նոր Սահմանադրությամբ եւ մոդելի հաստատումով: Այդ դեպքում պատասխանատվությունը մնում է օլիգարխիայի վրա, կամ նա պետք է գտնի նոր երաշխավոր:
Եվ հիմա ստացվել է իրավիճակ, երբ օլիգարխիան ինքն է սկսել համոզել Սարգսյանին «մնալ» երաշխավորի կարգավիճակում: Այսինքն՝ ներկայիս բավականին բարդ եւ սուղ ներքին ու արտաքին իրավիճակում չունենալով ռեսուրսներ եւ նաեւ ուժեղ փաստարկներ՝ Սերժ Սարգսյանը թերեւս նախընտրել է գնալ այլ ճանապարհով եւ ոչ թե նախաձեռնող լինել իր, այսպես ասած, մնալու հարցում, այլ հակառակը՝ խորացնել անորոշությունը եւ ստեղծել վիճակ, երբ ոչ թե ինքը կհամոզի խոշոր կապիտալին, որ համաձայնեն թողնել իրեն, այլ խոշոր կապիտալը կփորձի համոզել նրան, որ մնա:
Ներկայումս մենք տեսնում ենք հենց այդ իրավիճակը, որով Սարգսյանն իրեն ապահովագրել է ոչ միայն 7 օրերի, այլեւ թերեւս յոթ տարիների համար, երբ Սարգսյան ազգանունը այսպես թե այնպես լինելու է պետության գլուխ»: