Դու իմ վերջի՜նը` թյուրիմացաբար, եւ իմ միա՜կը` ճակատագըրով…

Եվ շատ ավելի վատթար է ցավը,
 Քան անարգանքն ու անպատվությունը,
 Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին:
Վե՛հ ու վսեմի՜ն,
 Լսո՞ւմ եք, տղե՛րք,
 Վե՛հ ու վսեմի՜ն:
Եգիպտոսն ինքն է ավազ ներմուծում,
 Այն էլ ո՞ւմ համար, իր … Սահարայի՜:
 Ծաղրուծանա՞կ է: Կատա՞կ է հիմար:
 Բայց Սահարայի ավազն իսկապես
 Շինարարական շաղախ չի՜ դառնում.
 Մանր է չափազանց:
Ապրելով նույնիսկ համակ-անսպառ ավազի վրա՝
 Մեզ հարկավոր է,հատկապես հիմա, ավազ ներմուծել մեր շենքի համար,
 Հարկավո՜ր ավազ:
Իսկ պատրանքներից ու պատրանքներով հղիանալը
 Մեղք չէ հասարակ, այլ մեղք այնպիսի՛,
 Որ հավասար է…(բառը չե՛մ ասում):
 Եվ բավական չէ՞,
 Որքան մերպեսին
 Այլասերեցին այդ պատրանքները՝
 Այդ հանդերձափոխ գործակալները… (բառը չե՛մ ասում):
Թե բավական է՝
 Հուղարկավորման լռությամբ լռենք
 Ու լռության մեջ նոր տառեր կռենք՝
 Իբրև նորօրյա աղվեսադրոշմ
 Սին պատրանքների ճակատի համար…
Կորչելը, անշո՜ւշտ, աղետ է ահեղ,
 Աղետն էլ գոնե լավ է այնքանով,
 Որ ազատում է ելք որոնելու մտքաքամ հոգսից:
 Սակայն պատրանքով փրկվելն էլ ախտ է (բառը չե՛մ ասում),
 Որ տարածվում է… խոնավության պես
 Եվ ամե՜ն ինչի լնդերքի վրա
 Բացում իր վերքը՝ բորբոսի տեսքով:
 Անգե՛տ տղաներ,մի՞թե չգիտեք
 Մեր միակ փրկչի սուրբ գերեզմանի վայրը սրբազան:
 Նա հենց այնտեղ է,որտեղ պատրանքն են պատանքում, տղե՜րք,
 Պատրա՜նք պատանքում:
Ամուլն ամուր չէ, ոչ էլ ամուրի:
 Եվ Հայրենիքը ո՛չ մուրացկան է, ո՛չ էլ հարկահան:
 Եվ սերն էլ տուրք չէ, ոչ էլ գթություն,
 Որ ամեն մեկը կամ տա, կամ տածի,
 Այլ սուրբ ավյուն է
 Ու սուրբ արյուն է,
 Որ պիտի տա ծիլ
 Անկողիններում թե՛ մոր, թե՛ մանկան,
 Որտեղ սավանը ճմռտորվում է ո՛չ սավանի պես,
 Այլ իբրև … պատա՜նք,
 Որ… պատառոտվի պատանք-պատրանքը
 Եվ համբարձվելով հառնի նո՛ր ոգին:
 Նո՜ր ոգին, տղերք,
 Նո՛ր ոգին, նո՜րը…
Դու իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
 Եվ իմ միա՜կը` ճակատագըրով…
Սիրո բովանդակ կոչականները մանկական են միշտ,
 Մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան,
 Որ իմ տարիքում
 Դեղձին տասն անգամ մեռած կլիներ:
 Իսկ ինչպե՞ս ես դու:
 Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա՛ն տարի,
 Որքան տեսել եմ:
 Եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն,
 Քանի որ չկաս
 Դո՛ւ-
 Իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
 Եվ իմ միա՜կը` ճակատագըրով:
Իմ շրթունքներից
 Կախված է հիմա մի ամբո՜ղջ աշխարհ`
 Մի գունդուկծի՛կ,
 Բառերի մի պա՜րս,
 Որ իր բզզոցով գլխապտույտ է հարուցում իմ մեջ:
 Եթե երբևէ բառերն այդ պիտի իմ բերնից թռչեն`
 Թող թռչեն սիրո՛վ,
 Մի՛միայն սիրով
 Եվ մի ճախրանքով աստվածաշնչյան,
 Որի մեջ կա գոլ անապատային,
 Ավազների սողք ու մտապատրանք:
 Մի՞թե քո հեռվից`
 Քո անտառների խոնավ օդի մեջ,
 Անվերջ չես լսում խոսքերս չասված:
 Իսկ թե լսում ես խոսքերըս չասված`
 Չե՞ս զգում արդյոք մի գլխապտույտ,
 Որ, թվում է ինձ, պիտի որ զգան
 Սրբորեն հղի դեռահաս կանայք,
 Որոնցից մեկին,
 Մի՛միայն մեկին
 Կարողանայի՜ մտովին ասել.
 «Դո՜ւ-
 ____իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
 Եվ իմ միա՜կը` ճակատագրով»:
Քիչ ենք օգտըվել մենք բարությունից:
 Եվ դրանից չէ՞, որ հետզհետե
 Բարի եմ դառնում,
 Եվ այնքա՜ն բարի,
 Որ խղճում եմ ես… մենակությունն էլ:
 Նա էլ է տանջվել ու հոգնել: Մեղք է:
 Եվ ամեն մեկըս բացենք մեր փեղկը,
 Որ նա դուրս թռչի իր փակ վանդակից,
 Եվ կամ հանդիպենք գեթ այնտեղ… այնտեղ,
 Ուր հանդիպում են այգն ու գիշերը:
 Իսկ հանդիպո՞ւմ են նրանք երբևէ,-
 Ես ի՜նչ իմանամ: Գուցե գիտես դո՞ւ,
 Դո՛ւ-
 ____իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
 Եվ իմ միա՜կը` ճակատագըրով:
Ու ձյուն է գալիս,
 Ինչ-որ ջե՜րմ մի ձյուն.
 Հյուսիսն է հղում հարավին ողջույն:
 Եվ ձյան մեջ ինչ-որ բուրմունք կա գարնան,
 Հեռավո՜ր մի բան,
 Մի հիշողությո՛ւն,
 Որի բարությամբ հոգեբուժական
 Չեն մեռնում, ճիշտ է, բայց և չեն ապրում,
 Ինչպես չի մեռնում, բայց և չի ապրում
 Սե՛րըս-
 ____վերջի՜նըս` թյուրիմացաբար,
 Բայց և միա՜կըս` ճակատագըրով:
Արի՛ ինքներըս մեզնից բարձրանանք`
 Թույլ տանք արարքներ ինքնաժխտումի,
 Փոխադարձաբար իրար նեղացնենք
 Ու վիրավորենք փոխադարձաբար,
 Որ…կարոտն ինքը հաշտվի իրեն հետ,
 Ու տառապանքը ինքն իրեն ների,
 Ես էլ հավատամ, որ դու չես եղել
 Ո՛չ իմ միակը` ճակատագըրո՜վ,
 Ո՛չ իմ վերջինը` թյուրիմացաբա՜ր…
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
 
                










































