Գյումրիում ընտրում են Sanremo մրցույթի հայաստանյան մասնակցին
Գյումրիում տեղի ունեցավ «Վերածնունդ» միջազգային X մրցույթ–փառատոնի շրջանակներում անցկացվող SanremoJunior (Պատանիների Սանրեմո) երգի միջազգային IX մրցույթի Հայաստանյան ընտրական լսումների փուլը: Ելույթ ունեցան Շիրակի, Լոռվա և Տավուշի մարզերի 6- 15 տարեկան 36 մասնակիցներ: Ժյուրիի կազմում ընդգրկված էին երաժիշտներ, դերասաններ ու երգարվեստի ներկայացուցիչներ: Ըստ ժյուրիի անդամ երգչուհի Զարուհի Բաբայանի, Իտալիա կմեկնի այն մասնակիցը, ով կունենա լավագույն ձայնային տվյալներ, արտիստիկ տվյալներ ու ընտրված երգը կկարողանա ներկայացնել լավագույնը:
«SanremoJunior»-ը շատ լուրջ մրցույթ է, մենք պարտավոր ենք շատ խիստ վերաբերվենք, մեր ուսերին մեծ պատասխանատվություն է դրված ընտրել լավագույնին: Կուզենայի, որ ավելի լուրջ մտածեին երգի ընտրության մասին, դեռ շատ աշխատելու տեղ ունեն,- հավելեց ժյուրիի անդամ Նաիրա Գյուրջինյանը:
«Տարիներ շարունակ մենք ապացուցել ենք, որ մեր ազգը երաժշտական ընդունակություններ ունի: բայց պետք է ուշադրություն դարձնենք երգի ընտրությանը, որ երեխան դուրս գա բեմ ու ազատ իր ասելիքը ասի աշխարհին: Պետք է ընտրվի այնպիսի երեխա, որ կլինի ինքնատիպ ու հաճույք ստանա իր ելույթից: Իսկ այս մրցույթը երեխաներին կհարստացնի փորձով, սա ևս մեկ քայլ է, երեխայի համար երաժշտական ասպարեզում», -ասաց ժյուրիի անդամ Էդգար Գյանջումյանը:
Լսումները կշարունակվեն Երևանի Բաբաջանյանի անվան համերգասրահում, որտեղ ելույթ են ունենալու 55 երեխաներ, Երևանից, Կապանից, Գավառից:
Լինելու է երկրորդ փուլ, որին հաջորդելու է նաև գալա համերգ, որտեղ արդեն երեխաները համերգի ընթացքում կներկայանան, կմրցակցեն ու ժյուրին կընտրի Հայաստանի մեր մասնակցին: