Բեմից դուրս շատ ավելի ազատ եմ եւ անկաշկանդ․ Հասմիկ Հարությունյան
Օպերային երգչուհի, «Օպերա-վիվա» վոկալ քառյակի անդամ Հասմիկ Հարությունյանի հետ նախորդիվ զրուցելու առիթ ունեցել ենք։
Այս անգամ փորձել ենք երգչուհուն բացահայտել նորովի։
Այս անգամ փորձել ենք երգչուհուն բացահայտել նորովի։
– Հասմի՛կ, ինչպե՞ս է սկսվում Ձեր առավոտը։
-Առավոտներս սովորաբար միանման են: Եթե չեմ շտապում ինչ-որ տեղ՝ սիրում եմ քնել ավելի երկար: Արթնանալուն պես վայելում եմ առավոտյան սուրճը մայրիկիս հետ,միացնում երաժշտություն եւ սկսում օրս:
– Ի՞նչ նախասիրություններ ունեք։
-Սիրում եմ դիտել ֆիլմեր, լսել օպերաներ, քայլել եւ ժամանակ անցկացնել ընկերներիս հետ:
– Ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում։
-Այս օրերին ազատ ժամանակ ավելի քիչ ունեմ, քանի որ սկսվել են նախատոնական համերգների եւ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները, բայց հիմնականում սիրում եմ ֆիլմեր դիտել:
– Ո՞րն է Ձեր ամենասիրելի ֆիլմը։
-Նախընտրելի ժանրը դրաման է՝ հիմնված իրական պատմությունների վրա: Չեմ սիրում ֆանտազիաներ եւ սարսափ ֆիլմեր: Սիրելի ֆիլմերի ցանկը մեծ է է, բայց կառանձնացնեմ երկուսը՝ Անրի Վերնոյի «Մայրիկ»-ը եւ Ալբերտ Մկրտչյանի «Մեր Մանկության տանգոն»:
– Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը։
– Կարդացածս վերջին գիրքը Իգնատ Մամյանի «Մեթերհեմ բանտի կալանավորը» գիրքն է: Բայց ամենից շատ սիրում եմ Սեւակ եւ Սահյան:
– Ինչպիսի՞ն է Հասմիկ Հարությունյանը բեմից դուրս։
-Բեմից դուրս շատ ավելի ազատ եմ եւ անկաշկանդ, քանի որ բեմում միշտ կա պատասխանատվություն եւ հուզմունք:
– Երեք բառով բնորոշե՛ք ինքներդ Ձեզ։
-Զգայուն, կենսուրախ, նպատակասլաց:
– Եթե երգչուհի չլինեիք, ուրիշ ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։
– Հավանաբար դերասանուհի կամ կինոռեժիսոր, բայց ինչ մասնագիտություն էլ ընտրեի, միանշանակ, կապված կլիներ արվեստի հետ, թեև եղբայրներս ընտրել են բժշկությունը:
– Եթե կախարդական փայտիկ ունենայիք, ի՞նչ կանեիք։
-Կուզենայի փայտիկն իրագործեր ինչպես իմ, այնպես էլ շատ-շատերի մեծ ցանկությունը եւ ինչպես հեքիաթներում է՝ կախարդական փայտիկի մեկ շարժումով բոլոր մանկատները վերածվեին մեծ ու ջերմ տների:
Հասմիկ Բալեյան