Հայաստանում երգիչներն օպերային երգեցողությամբ շատ քիչ են վաստակում․ Հասմիկ Հարությունյան
«Օպերա-վիվա» վոկալ քառյակի երգչուհի,միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիր Հասմիկ Հարությունյանը երգել սկսել է դեռ 12 տարեկանից։
«Հաճախել եմ Էջմիածնի Կոմիտասի անվան երկրորդ երաժշտական դպրոցը։ Դեռ երաժշտական դպրոցում սովորելու տարիներին աստիճանաբար սկսեցի հասկանալ,թե ինչ է դասական երաժշտությունը, դասական երգեցողությունը,սկսեցի ուսումնասիրել օպերային արվեստը,ծանոթանալ օպերային երգիչների գործունեությանը եւ այսպիսով գնալով սիրահարվեցի դասական երաժտությանը։ Ծնողներս մշտապես աջակցել են ինձ, օգնել, որ երգեմ՝ հատկապես հայրս, ում ավելի քան հարազատ էր երգը, տատիկս եւս ուներ հրաշալի ձայն։
Երաժշտական դպրոցում՝ վոկալ բաժնում սովորեցի հինգ տարի։ Այնուհետև ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախապատրաստական կուրս՝ ակադեմիական երգեցողություն բաժին։ Մեկ տարի սովորելուց հետո ընդունվեցի առաջին կուրս Այսպիսով սկսեցին իմ քայլերը դեպի պրոֆեսիոնալ երգարվեստ», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Հասմիկ Հարությունանը։
Վերջինս մասնակցել է բազմաթիվ մրցույթների՝ հանրապետական և միջազգային, արժանացել պարգևների, բայց համոզված է՝ բեմական գործչի ամենամեծ ժյուրին, գնահատանք տվողը դա ժողովուրդն է։
«Ես, իհարկե, բազմաթիվ մրցույթների եմ մասնակցել՝ գրավելով տարբեր հորիզոնականներ, բայց կարծում եմ՝ երգիչն ավելի շատ պետք է համերգների մասնակցի, քան թե մրցույթների։ Ես կարծում եմ՝ արտիստին պետք է գնահատի հանդիաստեսը։ Մենք, ի վերջո, աշխատում ենք հանրության համար», – նշեց Հասմիկ Հարությունյանը։
Ինչպես նշեցինք, երգչուհին հանդես է գալիս «Օպերա վիվա» խմբում։ Խումբը բաղկացած է չորս անդամներից: Ալին Գոյան (սոպրանո), Հասմիկ Հարությունյան (սոպրանո), Արտակ Մելքոնյան (տենոր), Խաչիկ Բեկյան (բաս):
«Ես երգում եմ «Օպերա-վիվա» վոկալ քառյակում։ Այն ընդամենը երեք տարվա պատմություն ունի, բայց արդեն իսկ հասցրել է բավականին մեծ հաջողություններ գրանցել՝ արժանանալով հանդիսատեսի համակրանքին եւ ջերմ ընդունելությանը։ Մասնակցել ենք բազմաթիվ պետական եւ ոչ պետական միջոցառումների, հեռուստատեսային եւ համերգային ծրագրերի: Անցած տարի մասնակցեցինք «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ փուլ: Դա մեզ համար արդեն իսկ մեծ հաջողություն էր։ Մրցույթի շնորհիվ արժանացանք հանդիսատեսի եւ ժյուրիի բարձր գնահատանքին եւ ջերմ ընդունելությանը, բացի այդ՝ ձեռք բերեցինք ճանաչում։ Ամռանը մեկնեցինք Գերմանիա՝ մասնակցելու «Բախ եւ Կոմիտաս» մրցույթ-փառատոնին, որտեղ զբաղեցրեցինք տարբեր հորիզոնականներ եւ ունեցանք անմոռանալի մենահամերգ Բեռլինի Լիխտենբերգ շրջանի «Փրկչի» տաճարում։
Հրաշալի համերգային կատարումներ ունեցանք նաեւ վերջերս որպես հատուկ հյուր հրավիրվելով Կրասնոդար: Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի 20-ամյա տոնակական միջոցառմանը,Կրասնոդարի «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնի և «Արմատ» դպրոցի հիմքի վրա՝ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հրապարակում: Խմբի գեղարվեստական ղեկավարը Ալին Գոյանն է՝ խմբի մյուս սոպրանոն։ Ունենք հարուստ երգացանկ: Երգում ենք տարբեր ժանրերի ստեղծագործություններ՝ փոփից մինչև դասական, դասականից մինչև ժողովրդական երգերի մշակումներ։
Խմբին շատ է աջակցում է Երեւանի քաղաքապետարանը։ Քաղաքապետարանի կողմից կազմակերպվող գրեթե բոլոր միջոցառումներին մասնակցում ենք։ Վերջերս խմբին շնորհվեց շնորհակալագիր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից՝ սիրո քաղաք Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին ակտիվ մասնակցության համար: Ամփոփելով խոսքս, պետք ասեմ՝ ցավոք Հայաստանում շատ դժվար է միայն դասական երգեցողությամբ գումար վաստակելը, անհրաժեշտ է ինչ-որ երկրորդ, երրորդ աշխատանք ունենալ՝ լրացուցիչ՝ գումար վաստակելու եւ բարեկեցիկ ապրելու համար,անգամ եթե տաղանդավոր ես կամ շատերից արժանի», – ըդգծեց երգչուհին։
Հասմիկ Հարությունյանը հիշեցրեց՝ «Օպերա վիվա» քառյակն առաջիկայում պետք է իրականացնի բավականաչափ մեծ աշխատանք․ խումբը մասնակցելու է համերգային եւ հեռուստատեսային ծրագրերի, նախատոնական եւ տոնական միջոցառումների, հանդիսատեսին ներկայացնելու է նոր երգեր և անակնկալներ։
«Սիրով պետք է նշեմ՝ ունեմ համերգային հրավերներ արտասահմանյան մի քանի երկրների կողմից, որտեղ կներկայացվի նաև Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան․ ես հանդես կգամ Անուշի դերերգով: Կան համերգների եւ համագործակցության հրավերներ արտերկրում նաեւ «Օպերա վիվա» խմբի հետ: Հուսամ՝ ամեն բան հաջող կընթանա», – եզրափակեց երգչուհին: