Հեռուստաաշտարակի գրավման սցենարը. Սեֆիլյանի գործ
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստը:
Նշենք, որ դատարանը գտնվում է ամբաստանյալների հարցաքննության փուլում:
Հրապարակվեց ամբաստանյալներից Գալուստ Գրիգորյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ մեղադրող-դատախազները հակասություններ տեսան դատարանում տված և նախաքննակն ցուցմունքների միջեւ:
Այսպես, նախաքննական ցուցմունքում Գալուստ Գրիգորյանն ասել է. «2015թ. Հովհաննես Պետրոսյանը մեզ ասել է, որ Ժիրայր Սեֆիլյանը ցանկանում է հեղաշրջում կատարել, ես ու Ներսես Պողոսյանն էլ, դժգոհ լինելով իշխանություններից, որոշել էինք մասնակցել հեղաշրջմանը: Ես եւ Հովհաննեսն անգամ մեկ անգամ ուսումնասիրեցինք Հանրային հեռուստատեսության հեռուստաաշտարակը, որը, ինչպես Հովհաննեսն էր ասել, պետք է գրավվեր դեկտեմբերի մեկին: Սեֆիլյանը Հովիկին ասել էր, որ մեր նման էլի հայրենասերներ կան եւ հեռուստաաշտարակի գրավման ժամանակ օգնության են գալու լրացուցիչ ուժեր: Իսկ թե ինչ ուժերի մասին է խոսքը, չի ասել: Հովիկը նկատեց աշտարակի հարեւանությամբ կառուցվող շինությունը եւ ասաց, որ այն դիպուկահարի համար լավ դիրք է»:
Գալուստ Գրիգորյանը նշել էր, թե ինչպես Հովհաննես Պետրոսյանն է ասել իրեն, որ երկու ինքնաձիգերը եւ փամփուշտները հեղաշրջման նպատակով տրամադրել է Սեֆիլյանը. «Նա նաեւ ուրիշի միջոցով գումար էր փոխանցել, որ մեքենա վարձեինք եւ գնայինք հեռուստաաշտարակի մոտ՝ դեկտեմբերի մեկին: Վարձեցինք, գնացինք վարձակալած բնակարան: Աշտարակը գրավելու հստակ պլան չկար, եւ մենք չգիտեինք, թե ինչ հսկողություն կա աշտարակի մոտ, կամ որդյոք այն հսկվո՞ւմ է: Հվիկը, Ներսես Պողոսյանը մնացինք այդտեղ սպասելով, բայց ոչ մի գործողություն տեղի չունեցավ: Հովիկին ոչ մի հրահանգ այդպես էլ չտրվեց, մենք էլ գնացինք տներով: Հովիկն ասում էր, թե Սեֆիլյանը փոխանցել է՝ «ամեն ինչ առջեւում է, սպասեք», բայց մենք արդեն հիասթափվել էինք:
Զարմացանք, թե ինչու տեղի չունեցավ նախատեսվածը: Մտածեցինք՝ անլուրջ: Դեկտեմբերի մեկի գիշերը երեքով զենքերը տեղափոխեցինք բնակարան, հետո՝ հունվարին, ծանոթիս առանձնատուն»:
Հետո, ինչպես Գալուստ Գրիգորյանն է նշել նախաքննական ցուցմունքում, Հովհաննես Պետրոսյանը կրկին փոխանցել է Ժիրայր Սեֆիլյանի խոսքերը՝ «մայիսին հեղաշրջում է նախապատրաստվում»:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ: