«Զինված խումբ» չկա, դա հեքիաթ է. Սեֆիլյանի գործով մեղադրյալը հայտարարեց
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստը:
Այսօր՝ դեկտեմբերի՝ 15-ին հարցաքննվեց մեղադրյալներից Գալուստ Գրիգորյանը:
Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված եւ զինված-կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահել և ձեռք է բերել հրազեն, ռազմամթերք՝ նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ:
Գալուստ Գրիգորյանը դատարանում հայտարարեց, որ ընդունում է զենքի փոխադրման առնչությամբ առաջադրված մեղադրանքը, իսկ մեղադրանքի մնացած մասը իր համար հասկանալի չէ:
«Զենքեր եղել են, ես դրանք պահել եմ ինձ պատկանող առանձնատան տարածքում, որտեղից հետո հանել եմ դրանք: Բայց որ ասում են՝ «զինված խումբ», դա հեքիաթ է…ոչ լսել եմ նման բան, ոչ էլ դրա անդամ եմ եղել»,-հայտարարեց գործով ամբաստանյալը:
Գրրիգորյանը նշեց, երկու ինքնաձիգները եւ փամփուշտներն իրեն փոխանցել է ընկերը՝ գործով մյուս ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը. «Խնդրեց պահել, ես էլ չմերժեցի: Թե ինչ զենքեր էին, չգիտեմ, զենքից չեմ հասկանում: Հետո որոշեցի զենքերը տեղափոխել, որովհետեւ խանգարում էին: Հովհաննեսը դրանք հետո վերցրեց Արթուրի տնից»:
Գալուստ Գրիգորյանըհայտնեց, որ գործով ամբաստանյալներ Գեւորգ Սաֆարյանին ընդհանրապես չի ճանաչել, իսկ Սեֆիլյանին ճանաչել է հեռուստացույցից՝ որպես Արցախյան ազատամարտի մասնակից-հերոսի:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Հովհաննես Պետրոսյանը հրազեններն ու ռազմամթերքը Ժիրայր Սեֆիլյանին վերադարձնելու ժամանակ, ենթարկվել է ավտովթարի, որի հետեւանքով էլ նա, Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը բացահայտվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Հիշեցնենք նաեւ, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ: