Դու հարկավոր չես ինձ արդեն, սիրելիս…
Նոր տարին մենակ դիմավորեցի:
Եվ աղքատ էի հարուստս` ես,
ես` թևավորս, անիծված էի:
Ինչ-որ տեղ այնքան գինի կար հին,
Եվ իրար փարված այնքան ձեռքեր:
Իսկ թևավորը` անիծված էր նա,
Եվ միայնակ էր նա` միակը,
Ինչպես մութ աչքում պատուհանի
Լուսինն է հավերժ, հավերժ մենակ:
31 դեկտեմբերի 1917
***
Ես կամ: Դու` կլինես: Անդունդ է մեր միջև:
Ես ըմպում եմ: Դու` ծարավում: Իրար չենք հասկանա:
Մեզ տաս տարի, հարյուր հազարամյակ է
Մեզ բաժանում: Աստված չի կապում կամուրջներ:
Եղիր` ահա իմ պատվիրանը քեզ: Թույլ տուր
Կողքովդ անցնել` չխաթարելով ծաղկումդ իմ շնչով:
Ես կամ: Դու` կլինես: Եվ տաս գարուն հետո
Դու կասես` կամ, իսկ ես արդեն կասեմ` մի ժամանակ…
6 հունիսի 1918
***
Դու հարկավոր չես ինձ արդեն,
Սիրելիս. ոչ նրա համար,
Որ իսկույն չես հեռագըրել:
Ու նաև ոչ նրա համար,
Որ տխրությամբ գրածը իմ
Կարդալու ես ծիծաղելով:
(Որ այս անգամ` միայն ինձնից
Միմիայն քեզ գրածներս
Վերծանելու ես ոչ մենակ):
Եվ ոչ նրա համար, որ քո
Դեմքն այլ վարսեր են շոյելու.
Ինքս եմ սովոր ուրիշի հետ ընթերցելու:
Եվ ոչ նրա համար, որ դուք,
Ձեռագըրիս վրա հակված,
Մեկտեղ հոգոց պիտի հանեք:
Եվ ոչ էլ, որ ձեր կոպերը
Խիստ համերաշխ պիտի փակվեն. «Չի կարդացվում,
Եվ այն էլ դեռ` ոտանավոր»:
Չէ, բարեկամ, զայրույթ չէ սա,
Պարզ է պատճառն ու հասարակ.
Դու հարկավոր չես ինձ արդեն,
Որովհետև, որովհետև`
Դու հարկավոր չես ինձ արդեն:
3 դեկտեմբերի 1918
***
Դու ինձ դատել մի շտապիր,
Արդար չէ դատը քո,
Եվ ագռավիս մի սևացրու
Մաքրության ճերմակով:
Ասենք, արա ինչպես կուզես,
Երբ գա դատը հանուր,
Ես, բոլորին սիրած, գուցե
Հառնեմ` քեզնից մաքուր:
17 մայիսի 1920
***
Օրերը կակուղ, լորձնոտ սողուններ,
…Ես` օրավարձու տողակարկատ…
Իմ իսկ կյանքի հետ ես ինչ գործ ունեմ.
Իմը չէ, եթե քոնը չէ այն:
Եվ իմ հոգսերն էլ հոգըս չեն բնավ.
Կշտանալ, քնել… այս չէ՞ միայն.
Իմ իսկ մարմնի հետ ես ինչ գործ ունեմ.
Իմը չէ, եթե քոնը չէ այն:
Հունվար 1925
***
Եթե ծնվել է հոգին թևավոր,
Դժբախտություն չեն խրճիթ ու հյուղակ:
Եվ Չինգիզ խանն ու Հորդան ի՜նչ են որ,
Երկու ոսոխ կա այս երկնքի տակ:
երկու երկվորյակ` հավետ միասին.
Հափրանքը կուշտի, քաղցը քաղցածի:
18 օգոստոսի 1918
Մարինա Ցվետաեւա