ԼՂՀ հարցի շուրջ Էրդողանի ակնարկը Պուտինին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ղարաբաղյան կոնֆլիկտի բանալին գտնվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքերում, ու եթե նա ցանկանա, շատ հեշտությամբ հարցը կարող է ստանալ իր լուծումը։ Հաշվի առնելով, թե Թուրքիան ինչ դիրքորոշում է որդեգրել այս հարցում (ակնհայտ պրոադրբեջանական), սա կարելի է որոշակի ճնշում համարել, որ գործադրում է Թուրքիայի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն ընդառաջ։ Այս երկու առաջնորդները հանդիպելու են այսօր ու քննարկելու երկու երկրների միջև հարաբերությունները։ Ըստ Էրդողանի՝ Պուտինը բավարար ժամանակ չի հատկացնում ԼՂՀ հարցին։
Այն, որ Ռուսաստանն իսկապես ամենամեծ ազդեցությունն ունի թե՛ Հայաստանի ու թե՛ Ադրբեջանի վրա, դա, կարծում ենք, աներկբա է։ Հաճախ հենց այդ ազդեցությունն էլ օգտագործելով՝ Ռուսաստանը հավասարապես օգուտ է քաղում թե՛ Հայաստանից ու թե՛ Ադրբեջանից։ Սակայն պետք է արձանագրել, որ հենց Ապրիլյան պատերազմը զսպելու հարցում Ռուսաստանի դերակատարությունը չափազանց մեծ էր, ուզենք, թե չուզենք։ Եվ հիմա, արձանագրելով Ռուսաստանի դերի կարևորությունը հերթական անգամ, Էրդողանն անուղղակիորեն մեղադրում է Ռուսաստանին հարցի լուծումը միտումնավոր հետաձգելու ու իր ուզած հունով տանելու համար։
Նախ՝ պարզ է, որ «ցանկության դեպքում շատ արագ կարող է կարգավորել» արտահայտությունը տեղավորվում է թուրք-ադրբեջանական տանդեմի պատկերացրած լուծման մեջ. բա հո Պուտինը հայանպաստ լուծում չի բերելու կողմերին։ Մյուս կողմից՝ սա նշանակում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը Ռուսաստանին իսկապես համարում են ԼՂՀ հարցում հայկական կողմի շահերի սպասարկող կամ որպես, այսպես կոչված, մեծ եղբայր, որը տարիներ շարունակ աջակցում է ստատուս քվոյին ու այսպիսով՝ հետ պահում Հայաստանին այդ տանդեմի ագրեսիայից։ Սակայն Թուրքիայում լավ գիտեն, որ հայկական զինված ուժերն ի վիճակի են հետ մղելու նույնիսկ թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակումները, ինչը հրաշալի ապացուցվել է Ապրիլյան պատերազմի ընթացքում, այնպես որ, Պուտինի հետ խոսելիս Էրդողանը լավ կանի՝ նաև մտաբերի հենց այս հիշատակումները։
Գրիգոր Սաղաթելյան