27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բո՜րբ աչքերիդ նայվածքը թող արյունոտե սիրտս հիմա

Այսօր Եղիշե Չարենցի մահվան օրն է

ՇԱՄԻՐԱՄ

Նորից՝ անմար կարոտով գգվանքների ու հրի՝
Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի:
Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի
Ցանկությունով հրահրած՝ անհագ վառվել են էլի:
Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,
Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան:
Ա՛յլ է աշխարհը հիմա, ա՛յլ է հիմա Նաիրին.
Ո՛չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին:
Մտի՛ր ակումբը հիմա, մտի՛ր թատրոնն ու կաֆեն՝
Հազա՜ր արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ:
Ո՛չ վեճ է էլ հարկավոր, ո՛չ պատերազմ մահառիթ.
Արքաների համար նոր -բավական է մի ժպիտ.-
Միայն ակնարկ մի թեթեւ- եւ կտրվեն նրանք քեզ,
Քո հմայիչ ու անթեւ տարփանքներին հրակեզ:-
Կգան մեկ-մեկ ու սիրով- ու կտանջես նրանց դու
Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու:
Եվ այնպիսի՜ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ,
Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ:
…Բայց կլինի մի գիշեր- ու հմայքով նաիրյան
Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան:
Նորի՜ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի –
Ու սարսափով մի անօգ՝ նորից կելնես դու կռվի:
Եվ որպեսզի չտրվի նա ախտաժետ քո հրին –
Ոտքի կելնե նրա հետ հազարամյա Նաիրին:
Եվ դաշտերում Նաիրի կպարտվի նորից նա,
Կնահանջե զորքը ետ, երկիրը քեզ կմնա:
Նա կմեռնի, որպես զոհ – բայց չե՛ս հաղթի դու նրան.
-Դա՛ռն է խորհուրդը սիրո, շամբշոտաշո՛ւրթ Շամիրամ… 

Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս

Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:
Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –
Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ… 

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար 

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արեւ չկար …
1915

Նո՛ւյնն է կարոտս հիմա 

Նո՛ւյնն է կարոտս հիմա` անսփոփ ու որբ.
Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:
Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ-
Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում – ոչինչ:
Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա`
Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը – Մահ: 

Դու – հողմային մշուշ ու մահ 

Դու – հողմային մշուշ ու մահ,
Դու – կրակի դուստր բարի,-
Քե՜զ է կանչում սիրտս հիմա,
Քեզ է կանչում սիրտս` արի՜:
Հասե՜լ է փառքդ արդեն վառ
Մինչև Հաբաշ ու Հնդուչին.
Քե՜զ եմ նետում եղբայրաբար
Իմ արյունի ճիչը վերջին:
Բո՜րբ աչքերիդ նայվածքը թող
Արյունոտե սիրտս հիմա –
Եվ թո՛ղ տեսնի սիրտս վառվող
Մահվան մեջ – սեր, սիրո մեջ – մահ…

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ