«Քրդերն ուզում են Իրաքի հյուսիսային մասում՝ եզդիների տարածքում, իրենց համար պետություն ստեղծել»
«Եզդիները աշխարհի հնագույն ժողովուրդներից են. հիմա էլ, այն տարածքը, որտեղ ռեֆերենդում է անցկացնում Իրաքի հյուսիսային մասում ապրող քրդական համայնքը, մեր տարածքն է եղել, այո՛, այդ տարածքը եզդիների հնագույն հայրենիքն է եղել: Հետո են քրդերը եկել, տեղավորվել այնտեղ: Քրդերն ուզում են Իրաքի հյուսիսային մասում՝ եզդիների տարածքում, իրենց համար պետություն ստեղծել: Բարզանին քանի-քանի անգամ է եզդիների նկատմամբ բարբարոսաբար վարվել: Նա եզդիներին անվանում է քուրդ եզդիներ: Մեզ այդ որակումը պետք չէ: մենք ուզում ենք պահպանել մեր ինքնությունը: Գերտերությունները մեզ պիտի պաշտպանեն, պիտի թույլ չտան, որ մեր տարածքները նրանց անցնի:
Գնացե՛ք, Լեո կարդացեք ու կհասկանաք՝ այն, ինչ ես եմ ասում, պատմական փաստ է: Այս տարածքները եզդիներին է պատկանել», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հանտնեց Աշխարհի ու Հայաստանի եզդիների միությունների նախագահ Ազիզ Թամոյանը:
Վերջինս շեշտեց՝ եթե հայերը հիմա շնորհավորեն քրդերին, ճիշտ չեն անի:
«Կատալոնացիներին շնորհավորելն էլ սխալ կլինի, քրդերին շնորհավորելն էլ: Հայաստանը նման բաներին չպիտի խառնվի: Դա հաստատ Արցախի հարցին չի օգնելու», – նշեց Ազիզ Թամոյանը: