Իրաքի վարչապետը պահանջում է չեղարկել Քուրդիստանի անկախության հանրաքվեն
Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեն պետք է չեղարկվի: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդար Իբադին իրաքցի պատգամավորների հետ զրույցում:
Իբադին նաև իրաքյան Քուրդիստանի «Փեշմերգե» զորաջոկատներից պահանջել է, դուրս գալ վիճելի տարածք հանդիսացող Քիրքուք քաղաքից:
Թուրքական «Yenisafak» լրատվական կայքն էլ տեղեկություններ է տրամադրել Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանիի հետ կապ ունեցող ընկերությունների մասին, որոնք գտնվում են Թուրքիայում:
Մասնավորապես աղբյուրը նշում է, որ Բարզանին Թուրքիայում ունի 400-ից ավելի ընկերություն, որից 250-ը Թուրքիայի Գազիանթեփ (պատմ. Այնթափ) նահանգում են: Դրանք հիմնականում սննդամթերքի, հողագործական, վառելանյութի հետ կապված ընկերություններ են, որոնք Թուրքիային նույնպես մեծ օգուտներ էին բերում:
Հիշեցնենք, որ իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի նախնական արդյունքներից պարզվել է, որ ընտրողների 93%-ը կողմ է քվեարկել: Անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների 6.7%-ը: