Ծեծկռտուք Գյումրիում. տուժողը ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայող է
Սեպտեմբերի 10-ին, ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բակում մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որոնցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ։ Նրանք բոլորն էլ ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում։
«Գյումրի Բժշկական կենտրոն» տեղափոխված ռուս զինծառայող Յուրա Նիկոլաևը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածք՝ աջ ակնակապիճի սալջարդ, ծնկան հոդերի քերծվածքներ: «Զինծառայողն ընդունվել է ծեծված՝ բազմակի վնասվածքներով, որոշակի հարցերին պատասխանել է ոչ ադեկվատ: Բժշկական կենտրոն է տեղափոխել շտապ բուժօգնությունը: Այս պահին նա բուժում է ստանում վիրաբուժական բաժանմունքում: Վիճակը գնահատվում է միջին ծանրության, կայուն»,-Henaran.am-ին տեղեկացրեց հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:
Ոստիկանության լրատվության բաժնից էլ տեղեկացնում են, որ այս պահին կարող ենք միայն ասել, որ Գյումրիում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում կա տուժող: